կարևոր
10354 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-18 00:00
Աշխարհ Տնտեսական

ԵՄ-ն այս պահին Հայաստանի դեմ միայն քաղաքական հաշվարկներից ելնելով պատժամիջոցներ չի կիրառում. տնտեսագետ

ԵՄ-ն այս պահին Հայաստանի դեմ միայն քաղաքական հաշվարկներից ելնելով պատժամիջոցներ չի կիրառում. տնտեսագետ

Արեւմուտքը հող է նախապատրաստում, որ սահմանափակի Հայաստանից ապրանքների վերաարտահանումը ՌԴ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց տնտեսագետ  Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնիի հայտարարությանը, որ պատժամիջոցային ապրանքները Ռուսաստան են հասնում Կենտրոնական Ասիայի եւ Հայաստանի միջոցով։

«Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո արևմտյան երկրները ավելի քան 15,000 տնտեսական պատժամիջոցներ են կիրառել և կիրառում Ռուսաստանի տնտեսության և առանձին ֆիզիկական անձանց նկատմամբ։ Սրա միջոցով նրանք փորձում են հասնել այս հակամարտության դադարեցման իրենց քաղաքական պահանջների իրականացմանը և այս իրավիճակում նրանք միանշանակ ուշադություն կդարձնեն, որ այդ պատժամիջոցների շրջանցման պատուհաններ չլինեն դաշտում։ Արդեն իսկ ԱՄՆ պետական դեպարտամենտը մի շարք երկրների 32 կազմակերպությունների նկատմամբ կիրառել է  տնտեսական պատժամիջոցներ։ Այդ 32 կազմակերպություններից մեկը հայկական կազմակերպություն է, որն իրականացնում է տարբեր տեսակի սարքավորումների ներկրում և արտահանում, և պետք է կանխատեսել և սպասել, որ ԵՄ երկրները հետևելու են ԱՄՆ պետդեպի նույն քաղաքականությանն ու գծին»,– ասաց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի կարծիքով՝ այս իրավիճակը երկար չի կարող տևել․ Արումուտքը հնարավոր բոլոր պատուհանները փորձելու են փակել, այդ թվում՝ նաև Թուրքիայի պարագայում։ Հայաստանի դեպքում, նրա խոսքով, վերարտահանումը բավականին փոքր է Թուրքիայի համեմատությամբ. «Թուրքիայի նկատմամբ, կարծում եմ, պատժամիջոցները էլ ավելի կսաստկանան, եթե այնտեղ, ենթադրենք, Էրդողանի իշխանությունը պահպանվի։ Պատժամիջոցներով կփորձեն սեղմել, որ Էրդողանը պրոարևմտյան քաղաքականություն իրականանցնի»։

Տնտեսագետի խոսքով՝ ԵՄ-ն այս պահին Հայաստանի դեմ միայն քաղաքական հաշվարկներից ելնելով պատժամիջոցներ չի կիրառում. «Նրանք չեն ցանկանում, որ Հայաստանը պրոռուսական քաղաքականություն վարի կամ փոխի իր քաղաքական կուրսը։ Այսինքն, բավականին շատ գործոններ են ազդում, սա միայն տնտեսական հարց չէ, այլև տարածաշրջանային և գլոբալ քաղաքական պրոցեսների արդյունք, և Հայաստանը կարող է մի օր իրոք հայտնվել այդ պատժամիջոցների տակ, եթե հաշվի չառնի այդ բոլոր ռիսկերը։

Ռիսկեր կան, դրանք ամեն օր աճում են, բոլորն էլ դա ընդունում են, բացի մեր կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներից, որոնց թվում է, որ եթե դրա մասին չխոսեն, այդ խնդիրը ինքն իրեն կվերանա։ Իսկ այդ խնդիրը կա և դրա մասին բարձրաձայնում են մեր բոլոր արևմտյան գործընկերները, նաև դեսպանատներն են այդ ուղղությամբ աշխատում, տեղեկություններ են հավաքում արտահանվող ապրանքների մասին, և ուշ թե շուտ դա ինչ-որ կերպ ազդելու է։ Այս գործիքը, կարծում եմ, նրանք պատրաստում են Հայաստանի կառավարության նկատմամբ ճնշում գործելու համար ապագայում, եթե Հայաստանի կառավարությունը փորձի կտրուկ քայլեր իրականացնել։ Այժմ խիստ չեն սեղմում օղակը, սակայն երկար այսպես չի կարող շարունակվել, և երբ քաղաքական որոշում կայացվի ԵՄ-ի կողմից, մեկ օրում նրանք կարող են պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Դա բավականին մտահոգիչ հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար, քանի որ այն մեծ կախվածություն ունի և՛ ԵՄ-ից, և՛ ՌԴ-ից, և մենք ունենք բավականին լուրջ դրամական հոսքեր երկու ուղղությունից, ԵՄ-ից և ԱՄՆ-ից ստանում ենք նորագույն տեխնիկա և այլն։ Մենք պետք է հասկանանք, որ Արևմուտք- Ռուսաստան հակամարտությունում պետք է դառնանք կողմ, հակառակ դեպքում այս երկկողմանի պատժամիջոցները կարող են կիրառվել նաև Հայաստանի նկատմամբ»։

Աղբյուրը՝ NEWS.am