կարևոր
3169 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-11 15:21
Իրավական

Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված հանցավոր ռազմական գործողությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված հանցավոր ռազմական գործողությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեն Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված հանցավոր ռազմական գործողությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2023 թվականի մայիսի 11-ին ժամը 06։00-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրետանային և հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ։

Այդ գործողությունների հետևանքով վիրավորումներ են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող` նույն զորամասի 4 զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են կայազորային զինհոսպիտալ։

Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ և 15-րդ կետերի հատկանիշներով (4 դրվագ) (ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու փորձ, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) ։

Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։ Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար։