կարևոր
1318 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-23 17:38
Հասարակություն

Քննիչների կողմից ոստիկանին ենթադրյալ խոշտանգելու դեպքի առթիվ ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել

Քննիչների կողմից ոստիկանին ենթադրյալ խոշտանգելու դեպքի առթիվ ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել

ՔԿ քննիչների կողմից ոստիկանին ենթադրյալ խոշտանգելու դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից խոշտանգումը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Իրականացվում են անհետաձգելի վարութային գործողություններ, այդ թվում՝ որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»,- հայտնեց ՀԿԿ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ «Իշխանություն», ապա «Ժողովուրդ» լրատվականները նախօրեին հայտնել են, որ քննիչները ծեծի են ենթարկել ոստիկանության ծառայողին, ընդ որում, շոշափվում էր նաև ՔԿ Երևան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի անունը։ ՔԿ-ն հաղորդագրությամբ հաստատել էր միջադեպը, սակայն հերքել, որ քննիչներն են ոստիկանին ծեծել՝ նշելով, որ իրականում ծեծել են երկու քննիչի, իսկ հրապարակումը նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղելու իրականությունից։

«2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ: Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:

Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:Հրապարակման բովանդակության մեջ տեղ գտած անհիմն շահարկումների կապակցությամբ հարկ է փաստել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն օգոստոսի 21-ին ձերբակալվելուց անմիջապես հետո, գիտակցելով իր արարքի համար քրեական պատասխանատվության անխուսափելիությունը, ինչպես անձամբ, այնպես էլ ներգրավված պաշտպանի միջոցով վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է հայտարարություններ իրեն ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ, որից անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կազմակերպել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը, որոնցով ևս հերքվել է ենթադրաբար բռնության ենթարկվելու դեպքը»,-նշել են ՔԿ-ից։