կարևոր
2224 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-29 13:19
Քաղաքական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Իրականությունը որպես մեղադրանք

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Իրականությունը որպես մեղադրանք

Սույն թվականի մարտի 4-ին, մյունխենյան համաժողովի շրջանակում գտնվելով Գերմանիայում, Նիկոլ Փաշինյանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումից 10 օր անց Փաշինյանը մամլո ասուլիս տվեց հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Չնայած հանդիպումների նպատակների և մասնակիցների կազմերի տարբերությանը՝ այս երկու միջոցառումները նման էին իրար նախ և առաջ նրանով, որ կարճ ներկայացնելով տարբեր բնագավառներում իր գլխավորած իշխանության ձեռքբերումները, Փաշինյանն առաջարկեց մասնակիցներին հարցեր ուղղել իր ներկայացրած և ոչ միայն այդ թեմաներով։ Երկու իրադարձությունների հաջորդ նմանությունն այն էր, որ դրանք հարց ու պատասխանի փոխարեն ավելի շուտ վերածվեցին հարցաքննությունների, իսկ ավելի ճիշտ, մեղադրանքների՝ ուղղված անձամբ Հայաստանի ղեկավարի և նրա ղեկավարած իշխանության դեմ։ Կարելի է արձանագրել, որ կարճ ժամանակ անց, թե՛ ներկաների, և թե՛ ակնդիրների առջև աղճատվում ու հօդս էր ցնդում այն հեքիաթը, որ հանդիպումների սկզբում Փաշինյանը պատմում էր Հայաստանի տնտեսական առաջընթացի, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարեփոխումների և այլ ուղղություններով ձեռք բերված «աննախադեպ նվաճումների» վերաբերյալ։ Իսկ որ ողբերգական լինելու չափ մտահոգիչ էր, ակնհայտ դարձան երկրի ղեկավարի մակարդակին անհամապատասխան պարզունակ ու վտանգավոր դիրքորոշումները, փաստարկների սնանկությունը ինչպես ներքին կյանքի, այնպես էլ ազգային կենսական հիմնախնդիրների վերաբերյալ։ Ժամանակին, երբ Փաշինյանը հաշվետվության խնդիր չուներ և միայն քննադատողի դերում էր, նա կարողանում էր փոքր ճշմարտությունը խառնելով մեծ ստին տրամաբանական շղթա կառուցել և մոլորեցնել շատերին իր հեղափոխական ամբոխավարությամբ։

Այժմ, երբ նա ստիպված է հաշվետու լինել իր ու իր թիմի գործունեության համար, նրա հռետորաբանությունը խամրել է, դարձել հակասական ու անհավաստի։ Թեև նա հավատում է, որ եթե անմիջականորեն դիմի մարդկանց դեռ որոշակի զանգվածի, կկարողանա մոլորեցնել։

Իհարկե, ամեն պատեհ ու անպատեհ առիթով նա շարունակում է բոլոր մեղքերի մեջ մեղադրել նախկիններին, բայց հինգ տարվա կառավարման պատկերն ակնառու է, և տրվող հարցերը պատասխաններ են պահանջում կոնկրետ իրողությունների վերաբերյալ։ Վերոնշյալ երկու հանդիպումների ընթացքում, որոնք ընդհանուր հաշվով տևեցին ավելի քան հինգուկես ժամ, կարելի է ասել, որ ներկայացվող հարցադրում- մեղադրանքներից որևէ մեկը չարժանացավ հստակ ու բավարարող պատասխանի, այլ հակառակը, տարակուսանք ու ծիծաղ էին հարուցում՝ ստիպելով հարց տվողներին ի վերջո լռելու սոսկ դիմացինի երկարաբանություններին և կարգավիճակին զիջելով։

Ահա մի քանիսն այդ հարցադրում-մեղադրանքներից, որոնց հետևեցին լղոզված, բուն հարցերից շեղվող, լավագույն դեպքում՝ արտառոց պատասխաններ։

Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկն ասում է, որ բարեգործական նպատակներով Հայաստան բերված բեռն ութ ամիս չեն կարողացել մաքսատնից դուրս բերել, իսկ մեկ ուրիշը ներկայացնում է, որ օտարերկրյա ներդրումներ ապահովելու նպատակով փորձել է իր անունով հաշվեհամար բացել հայաստանյան բանկերում և վեց ամսվա ջանքերն ապարդյուն են անցել։

Հատկանշական է, որ հնչող բազմաթիվ հարցադրում- մեղադրանքները երկրի ղեկավարի մոտ զարմանք կամ վրդովմունք չեն առաջացնում, ընդհակառակը, նա փորձում է անհեթեթ պատասխաններով արդարացնել տեղի ունեցողը, ինչը նշանակում է, որ շատ լավ տեղյակ է այդ ամենի մասին, եթե չենթադրենք, որ այս իրավիճակը հենց իր թելադրանքով է ստեղծվել։

Փաշինյանը Գերմանիայում դժգոհում է, թե Հայաստանում հիմնական խնդիր է որակյալ կադրերի բացակայությունը, սակայն, երբ Երևանում ասում են, որ դատական համակարգի բարձր պաշտոններն ամբողջովին համալրված են իր նախկին թիմակիցներով, նա անվրդով պատասխանում է. «Բա ովքե՞ր լինեն»։ Եթե հարցն ընդարձակվեր, կարելի էր ավելացնել իհարկե, որ ողջ պետական համակարգը, մինչև տեղական իշխանության ավագանիներ, իշխանությունն այսօր լցնում է իր կադրերով կամ աշխատանքից ազատելու պարտադրանքով մարդկանց ստիպում են անդամագրվել Փաշինյանի կուսակցությանը։

Ակնհայտ է, որ երկրի ղեկավարությունը ստանձնած անձն այլևս մոռացել է կամ վատ չի զգում իր նախկին ու ներկա դիրքորոշումների 180 աստիճանի փոփոխությունից, իսկ ավելի մեծ հաշվով ամբողջովին հակասության մեջ մտնելուց «հեղափոխական ու ճշմարտության մունետիկ» նախկին Փաշինյանի հետ։

Փաշինյանն առանց քաշվելու և իրեն հատուկ ճարպկությամբ ասուլիսի ժամանակ հրապարակայնորեն արդարացնում է այն փաստը, որ կոռուպցիայի մեջ մեղադրված և մեղադրանքի հիման վրա 5․8 միլիոն դրամ գումար պետական գանձարանում վերականգնած անձը նշանակվել է նորաստեղծ հակակոռուպցիոն դատարանի ղեկավար։

Փաշինյանը շարունակում է արդարացնել իր թիմակիցների արագ հարստացման և թանկարժեք առանձնատների, բնակարանների, մեքենաների և այլ ձեռքբերումների վերաբերյալ ներկայացվող փաստերը։ Երբ, օրինակ, Երևանում լրագրողն ասում է, որ պաշտպանության նախարարն էլիտար շենքում բնակարան է ձեռք բերել, որի արժեքը նախապես եղել է չորս հարյուր հազար դոլար, Փաշինյանը ասվածը հերքելու ավելի լավ բան չի գտնում, քան խորհուրդ տալը, որ եթե կարելի է Հայաստանում չորս հարյուր հազար դոլարով բնակարան վաճառել, ապա դու գնիր երեք հարյուր հազարով բնակարան և հարյուր հազար ավելիով վաճառիր։ Եվ ասած հիմարությունն այնքան է Փաշինյանին դուր գալիս, որ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ կրկնում է նույն անհեթեթությունը։

Իսկ որտե՞ղ է թաքնված իրականությունը։ Փաշինյանը գիտի, որ փոքր Հայաստանում, որտեղ բոլորն ամեն ինչի մասին իմանում են, անհնար է թաքցնել «արդարության հեղափոխությամբ» իշխանության հասած իր թիմակիցների արագ և աչքի զարնող հարստացման, նրանց նախկին ու ներկա կյանքի ու կենցաղի միջև եղած հեղափոխական փոփոխությունների պատկերը։

Սրանից ավելի կարևոր ու խորքային այլ երևույթ ևս գոյություն ունի։ Փաշինյանի «թավշյա հեղափոխությունը» իրականացվել է ազգային արմատներից կտրված, բարոյական և այլ սկզբունքներից զուրկ, արևմտաթուրքական ազդեցությունների ենթակա երիտասարդ մի շերտի կողմից։ Նիկոլ Փաշինյանը, որի գլխավորած «հեղափոխությունը» իր էությամբ ու բովանդակությամբ տարբեր չէ այն կրողներից ու իրականացնողներից, չունի իր հետևորդների երկարատև հավատարմությունն ապահովելու այլ արժեք և միջոց, քան շահը։ Վերջին տարիների անկասելի գնաճի, հասարակության ավելի աղքատացման և աղքատների շերտի ընդլայնման պայմաններում «ժողովրդասեր իշխանության» նեղ շերտն անընդհատ մեծացնում է սեփական եկամուտները պետական բյուջեից ստացվող աշխատավարձերի բարձրացման, անտրամաբանական պարգևավճարների հաշվին։ Սրան զուգահեռ, հասարակության մեջ տարածվում են խոսակցությունները, թե պետական պաշտոնյաներն ինչպես են վարժվում օգտվել պաշտոնի ընձեռած հնարավորություններից։ Նիկոլ Փաշինյանը, ուզի կամ չուզի, պետք է մի դեպքում խրախուսի, մեկ այլ դեպքում հանդուրժի այս ամենը, որովհետև իր անգաղափար ու անսկզբունք «հեղափոխական» թիմն ամբողջական և միաձույլ պահելու այլ միջոց չկա, քան նյութական շահագրգռությունը։ Ահա և հրապարակայնորեն հակադրվելով իր իսկ հռչակած գաղափարներին և նպատակներին՝ Փաշինյանը պաշտպանում է թիմակիցների անտրամաբանական ճոխությունները, բարգավաճող բիզնեսը և պետական համակարգին շոշափուկներով փաթաթվող կոռուպցիայի ծաղկումը։

Երկրի ղեկավարը հայտարարում է. «Հայաստանի զարգացման ռազմավարությունը ժողովրդավարությունն է»։ Մի կողմ թողնենք, թե որտեղից է փչում այս փիլիսոփայությունը և մեր աչքի առջև քանի երկիր է խորտակվել ժողովրդավարության անվան տակ իրականացված ամբոխավարական հեղաշրջումների պատճառով։ Երևանյան ասուլիսում լրագրողը վկայաբերում է «Ֆրիդըմ Հաուս» կազմակերպության գնահատականը, ըստ որի, Հայաստանի իշխանություններն իրականացնում են գաղտնալսումներ, և որ դատական համակարգը լրացվում է իշխող ուժի անդամներով։

Փաշինյանի հրահանգով մի շարք արտերկրյա գործիչների, հիմնականում սփյուռքահայերի համար արգելված է Հայաստան մուտքի իրավունքը։ Այդ մարդկանց մեղքն այն է, որ իրենց ապրած երկրներում պայքարում են Հայաստանի ու Արցախի շահերի համար, ինչպես և մասնակցել են Հայաստանում ծավալված վարչապետի հրաժարականի պահանջին։ Փաշինյանն ասում է, որ եթե համակարգային կոռուպցիա լիներ Հայաստանում, ինքը դրանում փայ կունենար։ Այստեղ կարելի է համաձայնել նրա հետ, որովհետև ողջ իշխանությունը կենտրոնացած է ձեռքում և առանց իր գիտության, եթե չասենք թելադրանքի, ոչինչ չի կատարվում, իսկ, մյուս կողմից, Փաշինյանի հարստացման և տարբեր բիզնեսների մաս կազմելու մասին խոսակցություններն ավելի ու ավելի են տարածվում ժողովրդի մեջ։

Փաշինյանն ասում է, թե Հայաստանում որևէ մեկի դեմ գործ սարքել հնարավոր չէ, այնինչ ընդդիմության դեմ իր իշխանության հիմնական զենքը «գործեր սարքելն» է, որոնց շինծու լինելու մասին ամեն օր հայտարարում են փաստաբանները։ Բազմաթիվ քրեական գործեր հօդս են ցնդում դատարաններում, իսկ անցնող հինգ տարիներին աղմուկ հանած շատ հանցագործությունների մասին խոսակցությունները մարեցին դրանցում մեղադրվող անձանց որոշ ժամանակ բանտային մեկուսացման մեջ պահելուց հետո։ Սրան հակառակ, բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր դիրքորոշում չեն ունեցել կամ դադարեցրել են այդպիսի գործունեությունը, ստացել են ազատորեն գործելու իրավունք։

Փաշինյանը, ում կենսագրության խայտառակ էջերից մեկն էլ Հայ Առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի դեմ ոտնձգությունների կազմակերպումն էր Երևանյան հարցազրույցի ընթացքում անթաքույց դրսևորում է իր քամահրական վերաբերմունքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հոգևորականության նկատմամբ, և, ըստ էության, մերժում է վերջինիս հոգևոր իշխանություն լինելու հանգամանքը հայտարարելով, թե՝ Հայաստանում կա մեկ իշխանություն։

Այս հոդվածը գրելիս նպատակ կար, ներքին խնդիրներին թռուցիկ անդրադառնալով, կենտրոնանալ Արցախ-Հայաստանի ինքնիշխանության պահպանման, անվտանգային խնդիրների և այդ հարցերում իշխանությունների որդեգրած քաղաքականության վրա։ Բայց անհնար է չհիշել հիմնահարցերը, որոնք ուռճացած են և համընդգրկուն։ Մյուս կողմից՝ արտաքին քաղաքականությունն ուղղակիորեն պայմանավորված է ներքին քաղաքականությամբ, քանի որ ներսից հիվանդը չի կարող դրսից առողջ և ուժեղ լինել։ Նժդեհն ասում է, որ անբարոյական մարդը չի կարող հայրենասեր լինել և, հետևաբար, մեր շահերը թե որքանով պաշտպանված կլինեն, անմիջականորեն կապ ունի այն բանի հետ, թե ով է դրանք ներայացնողը։

Վերը հիշատակված գերմանահայության հետ հանդիպումն ու երևանյան մամլո ասուլիսը բավական ժամանակ է, որ տեղի են ունեցել, սակայն այնտեղ արծարծված հարցերը այսօրեական հնչեղություն ունեն։ Մասնավորապես դա վերբերում է ազգային-պետական խնդիրներին, որոնց մասին ներկայացված տեսակետներն արտահայտում են Հայաստանի իշխանությունների ի սկզբանե որդեգրած և հետևողականորեն իրականացվող քաղաքականությունը։ Այդ հարցերին, սակայն, կանդրադառնանք հաջորդ անգամ։

«Դրօշակ» թիվ 3, 2023թ