կարևոր
56467 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 16:03
Մշակույթ

Ազգայինի ըմբռնումը ընդհանուր է, հայրենիքին նվիրվելու գաղափարը ՝բոլորի սեփականությունը. Ռուզան Առաքելյան

Ազգայինի ըմբռնումը ընդհանուր է, հայրենիքին նվիրվելու գաղափարը ՝բոլորի սեփականությունը. Ռուզան Առաքելյան

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի խոսքը ողջույնի խոսքը «Հայ հասարակական -քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին։ Պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ:

Այս օրերին, այս մթնոլորտում նման գիտաժողովի անցկացումը ոչ միայն տեղին էր, այլ  անհրաժեշտ։

Ասում ենք ՝ազգայինի ըմբռնումը  ընդհանուր է, հայրենիքին նվիրվելու գաղափարը ՝բոլորի սեփականությունը։ Անշուշտ, այդպես է, սակայն ճշմարտություն է նաև այն տեսակետը, որ երբ բանաձևված չի  լինում ազգի տեսլականը, նպատակը, ժողովուրդը իր ներուժը մեկտեղելու փոխարեն ցրիվ է տալիս, հաճախ սթափվում, իհարկե միայն օրհասական պահերին`  երբեմն ուշացած։ Այդպես մեզ հետ եղել է երեկ, այդպես է այսօր, այդպես  է լինելու վաղը, եթե  պատմական անցյալից դասեր չառնենք։ Հայտնի փիլիսոփա Մոնտեն ասում էր՝ ,,Ժողովուրդ, ասա ինձ քո իդեալը, և ես ասեմ քո ապագան,,։ 

Պատմության ընթացքի  ներկա շրջադարձը ենթադրում էր ազգային -քաղաքական մտքի նոր դրսևորում։ Այս իմաստով  բնական էր ակնկալել  Հայաստանում ձևավորվող մի ուղեգիծ, որը լիովին համադրեր պետական ու ազգային շահերը և ոչ թե խորացներ դրանք իրարից հեռացնող մտայնությունը։

Եվ ազգային ու պետական շահերի նույնացումն էլ, իբրև ազգային անկախ  պետության առաջընթացի  գործոն, պիտի  ազդեր թե քաղաքական, թե հասարակական, թե տնտեսական և սոցիալական ծրագրերի վրա։ Պիտի ընդգծեր մեր ազգային մտածողության հատկանշական դրսևորումները և ամենքիս համախմբեր հայրենիքի համար գործելու ընդհանուր  դրոշի ներքո։

Սակայն, դարձյալ անտեսվեց, եթե չասենք մերժվեց ազգային միասնական հոգևոր-գաղափարական դաշտի ձևավորման կարևորությունը։ Մեր ակնկալիքը չիրականացավ։ Այս հոգևոր տեղատվությունը իր հետ տանում է ազգային իդիալները, որոնք փայփայել ենք մեր հոգու խորքում՝ հավատալով  Ավարայր իջած մեր այն սերունդին, որը տեր կանգնեց հայի արժանապատիվ ոգուն և մեր նախնիների դարավոր երազանքներին։ Այն ժողովրդի ժառանգների, ովքեր պատերազմի, սովի, անձև քաոսի, պայմաններում 1918 թվականին Անկախ Հանրապետություն կերտեց։ Նույն ոգով էլ ծնվեց  1988 թվականի ազգային շարժումը։ Այս ամենը փաստեց, որ նպատակն է ուրվագծում պատմական հոլովույթի ընթացքը։ Գրեթե մեկ միլիոն մարդ Ազատության հրապարակում հավաքվում էր <միացում> կոչի ներքո՝ հավատարիմ Ազատ ու Անկախ ապրելու իր մեծ նպատակին,  ինչպես և Միացյալ Հայաստանի համար պայքարի պատրաստակամությանը։

 Այսօրվա գիտաժողովի ուղերձը ևս մեկ անգամ հավաստում է, որ Հայոց պետականությունն անխաթար պահելու, օրվա իշխանությունների քաղաքականությունը  ծրագրելու գործընթացում ելակետը պետք է լինի ժողովրդի իդեալը։ 

Իսկ քաղաքական կազմակերպությունները պարտավոր են ազգային գործելակերպ պարտադրել  իշխանություններին։ Այլապես ցանկացած իշխանության գործունեություն կդառնա ինքնանպատակ և կհեռանա ժողովրդի իդիալներից։

Վերազգային ու օտար գաղափարախոսություններ իրացնողները նույնպես միշտ խոսում են ժողովրդի անունից, թեեւ գործում են ընդդեմի սկզբունքով։ Այնուամենայնիվ պատմական հաշվեկշռում մնում է այն գործը, այն անհատներն ու քաղաքական ուժերը, ովքեր գործել են  հանունի սկզբունքով և սեփական ժողովրդի բնազդով։

Հետևաբար, անհավասարակշիռ այս կացության մեջ հույսը փնտրելով, պետք է  միտք փնտրենք, ձևակերպենք այն և վերջինիս հավատալով կառուցենք մեր փարոսը, ուրվագծենք մեր երազած Հայրենիքի տեսլականը։