կարևոր
22345 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 13:25
Քաղաքական Արցախ

Առաջին անգամը չէ, որ Արայիկ Հարությունյանը որոշումներ է կայացնում, որը Արցախի շահերից չի բխում․ Դավիթ Գալստյան

Առաջին անգամը չէ, որ Արայիկ Հարությունյանը որոշումներ է կայացնում, որը Արցախի շահերից չի բխում․ Դավիթ Գալստյան

Գազը մինչև բանակցությունները վերականգնված էր, իսկ ինչ վերաբերվում է մնացած կետերին, ըստ օդում կախված լուրերի, արդեն իսկ Դրմբոնի հանքում որոշակի այցելություն եղել է, բայց տեսնում ենք, որ լույսի և ճանապարհի հետ կապված մեր խնդիրները շարունակում են մնալ և ոչ մի հստակություն չկա, թե ինչ հերթականությամբ պետք է այդ կետերը կյանքի կոչվեն։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով մարտի 1-ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը։

«Երբ որոշում էր կայացվել, որ չընդունել Ադրբեջանի նախապայմանները, այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը հրավիրել էր Անվտանգության խորհուրդի ընդլայնված նիստ, որտեղ ներկա էին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Այդտեղ որոշում էր կայացվել չգնալ Ադրբեջանի պայմանները կատարելուն, այլ՝ պայքար սկսել, քանի որ հասկանում ենք, որ սա կարող է նախադեպ դառնալ և այս ոճով Ադրբեջանը հետագայում այլ պահանջներ ներկայացնի, օրինակ՝ Արցախում ունենալ իրենց մշտական ներկայացուցիչը, էլ չենք խոսում այն մասին, որ կարող է նաև պահանջներ ներկայացնել, որ Արցախում պատերազմի մասնակիները պետք է դատվեն Ադրբեջանի օրենքներով և ծանոթ լինելով Ադրբեջանի ձեռագրին, սա կարող է նախադեպ դառնալ։ Մենք բոլորով համաձայնեցինք, որ այո՛, չենք ընդունում Ադրբեջանի պահանջները»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ինչ-որ պահից բաներ փոխվեցին, որի մասին քաղաքական ուժերին տեղյակ չեն պահել․

«Մենք տեղյակ չենք եղել, թե այդ խմբի անդամներն ովքեր են, որ պետք է ներկայացնեն Արցախը և ի՞նչ պետք է բանակցեն։ Մենք նույնպես դրա մասին տեղեկացել ենք մամուլից։ Թե ե՞րբ և ո՞ւմ հետ են որոշել ընդունել Ադրբեջանի պահանջները, մենք տեղյակ չենք, և այդ որոշումը կայացնելուց մենք ներկա չենք եղել և մեր կարծիքը այդ ուղղությամբ իրենց համար հետաքրքիր չի եղել։ Միաժանակ հասկանալի է, որ Ադրբեջանը շատ մեծ ճնշումների տակ է հայտնվել, քանի որ կար միջազգային ատյանների որոշումը՝ ճանապարհը անհապաղ բացելու վերաբերյալ, բայց չգիտես ինչու Արցախի իշխանությունները տրվեցին այն գայթակղությանը, որպեսզի ընդունեն Ադրբեջանի պահանջները։ Պետք էր միջազգային ատյանների որոշումները բոլոր հարթակներում բարձրաձայնել և Ադրբեջանին պարտադրել կատարել պահանջը, դրան զուգահեռ Արցախի նախագահը որոշել է խումբ կազմել և ընդունել Ադրբեջանի նախապայմանները։ Մենք տեսանք ադրբեջանական կողմը իրենց մամուլով հայտարարեց, թե ինչեր են քննարկել, իսկ Արցախի կողմից հերքում չկար մինչև մենք չբարձրաձայնեցինք հարցի մասին, իսկ այս հերքումը քիչ է, նրանք պետք է հրապարակային հայտարարեն, որ ադրբեջանական կողմի ներկայացուցիչը, ով ապատեղեկատվություն է տարածել, չպետք է այլևս մասնակցի բանակցություններին։ Բայց մենք տեսնում ենք, որ նման հայտարարություն չկա և շատ հնարավոր է, որ նույն մարդու հետ էլի հանդիպեն և էլի ապատեղեկատվություններ տարածվեն։ Այս ոճով Արցախում կատարել որևէ գործողություն և հույս կապել այս իշխանությունների  հետ, որ իրենք ի զորու են արցախցու շահը բարձր դասեն իրենց սեփական շահից, ճիշտն ասած, մի քիչ հավատալի չէ»,- ասաց արցախցի պատգամավորը։

Ադրբեջանական մամուլում  հանդիպման մասին տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ ադրբեջանական ներկայացուցիչները հանդիպել են իրենց քաղաքացիների հետ և շփվել։

Անդրադառնալով այս հարցին ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Արցախի իշխանությունները պետք է արձագանքեին սրան և ասեին, որ նման վարքագծով բանագնացի կամ ներկայացուցչի հետ մենք այլևս չենք հանդիպելու․

«Արցախի իշխանությունները պետք է պարտադրեն, որ այդ հանդիպումները  լինեն հրապարակային, եթե իհարկե արցախյան կողմը կարող է պարտադրել դա, որպեսզի նման ապատեղեկատվությունները կարողանան փաստերով հերքել»,- նշեց նա։

Անդրադառնալավ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը` Դավիթ Գալստյանը նշեց, որ դա կձևակերպենք որպես հրաման Ալիևի կողմից, պարտադրանք, թե՝ ճնշում, ամեն դեպքում Արայիկ Հարությունյանը առաջին անգամ չէ, որ որոշումներ է կայացնում, որը Արցախի շահերից չի բխում։

Պատգամավորը նշեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերով միջկուսակցական մարմին են ստեղծել, որի հիմնական նպատակն է թույլ չտալ Արայիկ Հարությունյանին և Արցախի իշխանություններին կատարել քայլեր, որոնք վնաս են բերում Արցախի պետականությանն ու ինքնորոշմանը։

Լ․Ա․