կարևոր
3622 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 19:21
Աշխարհ

Փաշինյանն ու Շոլցը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Փաշինյանն ու Շոլցը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով Գերմանիայում է:

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո վարչապետը և կանցլերը ամփոփել են հանդիպման արդյունքները՝ հանդես գալով մամուլի ասուլիսով:

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հայաստան գործուղված Եվրամիության դիտորդական առաքելությանը:

Կանցլերը նշել է, որ անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Շոլցը շեշտել է, որ ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրավունքի հիման վրա:

«Ընդ որում՝ այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- հավելել է Շոլցը:

«Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ ղեկավար Շառլ Միշելի միջնորդական ջանքերին, մենք դա արել ենք նաև գերմանական անձնակազմ ուղարկելով ԵՄ առաքելության կազմում: Ընդ որում՝ գերմանացի դաշնային ոստիկան է ղեկավարելու այդ առաքելությունը»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

Նա հայտնել է, որ վարչապետ Փաշինյանի հետ քննարկել են նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունները: