կարևոր
4018 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-22 23:44
Հասարակություն

Ավելի բարձր տեմպով աճել են այն ճյուղերը, որոնք հակամարտության հետևանքով ունեցել են բարձր պահանջարկ. տնտեսագետ

Ավելի բարձր տեմպով աճել են այն ճյուղերը, որոնք հակամարտության հետևանքով ունեցել են բարձր պահանջարկ. տնտեսագետ

8 տրլն 496 մլրդ 777 միլիոն դրամ.  Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ ցուցանիշը: Նախորդ տարվա համեմատ՝ ՀՆԱ-ն աճել է 12.6 տոկոսով: Իշխանամերձ շրջանակները շտապել են նկատել, որ այս ծավալը Հայաստանի տնտեսության համար ռեկորդային է:

Ի դեպ, ամենաբարձր աճ արձանագրած ոլորտներն են՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունն ու կապը, ինչպես նաև՝ փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.amի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց ՀՆԱ կառուցվածքին՝ նկատելով, որ այն ևս ապացուցում է՝ աճը պայմանավորված է արտաքին ժամանակավոր գործոնով՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետ տնտեսական ազդեցությամբ:

«Իրականում ավելի բարձր տեմպով աճել են այն ճյուղերը, որոնք այդ հակամարտության հետևանքով ունեցել են բարձր պահանջարկ: Այսինքն՝ այդ պատերազմը, ի վերջո, ՀՀ-ում բերել է մի շարք ուղղություններով պահանջարկի թռիչքային աճի, և մենք հենց այդ ուղղություններում ունեցել ենք առաջանցիկ աճ:

Փոխադրումների ոլորտը շուրջ 50 տոկոսով աճ է գրանցել, ինչը կապված է արտաքին առևտրի շրջանառության մոտ 80 տոկոս աճի հետ (դեպի ՌԴ վերարտահանել ենք ապրանքներ):

Հաջորդը ծառայությունների, առևտրի ոլորտների աճն է. պահանջարկն ավելացել է, որովհետև ունեցել ենք ՌԴ քաղաքացիների աննախադեպ այցելությունների աճ: Եվ դա բերել է նաև ծառայությունների և ներքին առևտրի աճի:

Ինչ վերաբերում է ֆինանսական ոլորտին՝ բանկերում, ըստ էության, շրջանառությունը նորից էապես աճել է և, օրինակ, 2022-ին ֆինանսական ոլորտի շահութաբերությունը նախորդ տարվա համեմատ աճել է  շուրջ երեք անգամ. միայն ՌԴ-ից Հայաստան ֆիզանձանց կողմից բանկային համակարգով կատարվել են 3.6 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներ (ընդհանուր փոխադրումները՝ շուրջ 5 միլիարդ դոլարի): Եվ բնական է, որ այս աճերը բերել են ՀՆԱ աճի»,- մանրամասնեց տնտեսագետը:

Նա, սակայն, հավելեց, որ 12.6 տոկոսը ռեկորդային չէ, որովհետև տարիներ շարունակ ՀՀ դրանից բարձր աճ ևս ունեցել է:

Թադևոս Ավետիսյանը  նաև մտահոգիչ համարեց այս ցուցանիշը՝ արձանագրելով, որ աճը ոչ թե ներտնտեսական զարգացումների և տնտեսական պոտենցիալի ավելացման շնորհիվ է, այլ հիմնականում ժամանակավոր պատահական գործոնի, իսկ տնտեսական բարձր ակտիվությունը չի բերում մոտ կամ համարժեք ներդրումների ավելացման:

«Սա անվտանգային աճող սպառնալիքների իրական հետևանքն է և նաև՝ ձախողված տնտեսական քաղաքականության ու պոպուլիստական առաջնորդության»,- ասաց նա:

Աղբյուրը՝  168.am