կարևոր
2902 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-27 11:12
Քաղաքական

Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը. Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը. Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը՝ անկախ իրենց շարժառիթներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների մասին քննարկման ժամանակ նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջիլ Մորթիմերը՝ շեշտելով, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմները տևական լուծման և երկու երկրների միջև դրական հարաբերությունների չեն հանգեցրել։

«Նույնիսկ ռազմագերիները չեն վերադարձվել։ Եթե այս երկրները ցանկանում են խաղաղ ապրել միմյանց հետ՝ որպես լավ հարևաններ, ապա նրանք պետք է միջոց գտնեն՝ ազնվորեն և բարեխղճորեն խոսելու միմյանց հետ։ Ես Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին կոչ եմ անում ներգրավվել ԵԱՀԿ-ի ջանքերում՝ ապահովելու խաղաղություն և կայունություն։ Այժմ մենք տեսնում ենք դանդաղ քայլերթ դեպի հումանիտար աղետ։ Մենք պետք է կանխենք դա», - ասաց Ջիլ Մորթիմերը։

Բանախոսը նաև շեշտեց Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը վերականգնելու կարևորությունը։

«Անկախ իրենց շարժառիթներից՝ Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են խորացող ճգնաժամի վատթարացմանը։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի բոլոր կողմերին կոչ եմ անում վերահաստատել, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է երաշխավորի մարդկանց, փոխադրամիջոցների և բեռների անվտանգ անցումը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։ Սա՛ է լուծումը», - շեշտեց քաղաքական գործիչը։

Բրիտանիայի ներկայացուցիչը նաև շեշտեց, որ ցանկացած քայլ, որը կարող է տարածաշրջանը տանել դեպի հետագա քաոս և հակամարտություն, պետք է կասեցվի։

«Ես կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին՝ փրկել իրենց ժողովուրդներին հետագա աղետից։ Վստահ եմ, որ երկու կողմերն էլ ճիշտ և սխալ քայլեր են կատարել և տառապել դրանցից, սակայն հակամարտության սարսափելի և անխուսափելի վնասներից անմեղ մարդկանց պաշտպանելու միակ միջոցը հաշտությունն է և առաջ շարժվելու կամքը… Դրա առաջին քայլը Լաչինի միջանցքի վերաբացումն է», - նշել է բրիտանացի քաղաքական գործիչը։