Միասին կարող ենք
կարևոր
895 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-27 16:17
Քաղաքական

Մարիա Զախարովան հիշեցրել է ՀՀ-ին՝ ԵՄ-ի քաղաքականությունը միտված է քաղաքացիների կյանքի վատթարացմանը

Մարիա Զախարովան հիշեցրել է ՀՀ-ին՝ ԵՄ-ի քաղաքականությունը միտված է քաղաքացիների կյանքի վատթարացմանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ բրյուսելյան բյուրոկրատիայի նպատակը Եվրամիության երկրների քաղաքացիների կյանքի բարելավումը չէ, այլ՝ հակառակը, դրա վատթարացումը։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն ասոցացնում է Բրյուսելի հետ, ապա, հավանաբար, կիսում է նաև այդ մոտեցումները։ Այս մասին Զախարովան ասել է Sputnik ռադիոկայանի եթերում։

Նա հիշեցրել է, որ Փաշինյանը որոշել է չմասնակցել Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին և հարց ուղղել՝ արդյոք եկել է ժամանակը, որ Հայաստանը հստակ ընտրություն կատարի՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ շարժվել դեպի Եվրամիություն։

«Սա, իհարկե, հարց է հայկական կողմին,- պատասխանել է դիվանագետը։- Սակայն, իմ կարծիքով, նա մշտապես հայտարարում է, որ այս կամ այն կերպ իրեն ասոցացնում է Արևմտյան Եվրոպայի երկրների հետ։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանը եվրոպական երկիր է նաև առանց Եվրամիության հետ նույնականանալու․ այն մեր ընդհանուր եվրոպական և եվրասիական մայրցամաքի մասն է, սակայն նա անընդհատ իրեն կապում է հենց Եվրամիության և բրյուսելյան կառույցների հետ»։

Զախարովայի խոսքով՝ «բրյուսելյան բյուրոկրատիայի գործնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի իրենց միության երկրների քաղաքացիներն ապրեն ոչ թե ավելի լավ, այլ ավելի վատ»։