կարևոր
3007 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-20 12:44
Քաղաքական

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարին է հանձնել Փասադենայի քաղաքապետի զորակցության հայտարարության բնօրինակը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարին է հանձնել Փասադենայի քաղաքապետի զորակցության հայտարարության բնօրինակը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը հունվարի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին և վերջինիս փոխանցել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Փասադենայի տեղական ենթահանձնախմբի կողմից ուղարկված Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի հայտարարությունն՝ ի զոկացություն Արցախի ժողովրդի և նրա պայքարի։ 2022թ․ դեկտեմբերի 22ի հայտարարությամբ, որը կրում է քաղաքի դրոշմը,  Փասադենայի քաղաքապետը  անդրադառնում է 2020թ․ սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմին,  Արցախի Հանրապետության շրջափակմանը, հասունացող հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև  Փասադենայի հայ համայնքի՝ Ցեղասպանության զոհերի սերունդները լինելու հանգամանքին։

Վիկտոր Գորդոն, հայտարարության վերջաբանում օգտագործելով Մարթին Լյութեր Քինգի «Ցանկացած վայրում անարդարությունն ամենուր արդարության սպառնալիք է» հայտնի խոսքերը, քաղաքային խորհրդի անունից զորակցություն է հայտնել հայ ժողովրդին։

Գևորգ Ղուկասյանը ԱՀ արտաքին գործերի նախարարին տեղեկացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխարհասփյուռ ցանցը լայնածավալ աշխատանքների ընթացքը՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության շահերի, Արցախի համար միջազգային զորակցության ապահովման և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումներն ուժեղացնելու ուղղությամբ։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

20.01.2023թ.