կարևոր
3445 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-23 12:51
Քաղաքական

Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու ռեսուրս ՀՀ-ն միշտ է ունեցել. այս իշխանությունները սպառել են դա․ Արթուր Խաչատրյան

Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու ռեսուրս ՀՀ-ն միշտ է ունեցել. այս իշխանությունները սպառել են դա․ Արթուր Խաչատրյան

«Միշտ պետք է խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Դեռեւս Սովետական միության ժամանակից Ադրբեջանը հղում էր կատարում ՍՍՀՄ սահմանադրության 78-րդ հոդվածի վրա՝ տարածքային ամբողջականություն, մենք՝ 70-րդ: Եվ ամբողջ ընթացքում մենք շեշտել ենք ազատ ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը՝ տարածքային ամբողջականության: Կոսովոյի պահով Միջազգային արդարադատության դատարանի վճիռը հստակ էր՝ տարածքային ամբողջականության իրավունքը չի արգելում ժողովուրդներին միակողմանիորեն անկախություն հռչակել: Ադրբեջանը դրա դեմ բողոքել էր, բայց շան տեղ չէին դրել իրենց բողոքը: Դա է միջազգային արդարադատության դատարանի խորհրդատվական կարծիքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ համեմատելով այսօրվա քաղաքականության հետ:

«Այսօր Փաշինյանը ինքնորոշման իրավունքը թողնում է մի կողմ, հարցը իջեցնում է տարածքային ամբողջականության տիրույթ, սկսում է Ադրբեջանի թելը թելել, այդտեղ ինքը պարտվում է, ասում է՝ դե տեսեք, պարտվել եմ: Որովհետեւ ո՛չ Ալմա Աթայի դեկլարացիան, ո՛չ ՄԱԿ կանոնադրությունը, ո՛չ Հելսինկյան եզրափակիչ ակտը չեն արգելում անկախության միակողմանի հռչակումը: Ավելին՝ ԱՊՀ-ն կազմելու պահին, որը ստորագրվել է 1991-ի դեկտեմբերի 21-ին, Հայաստանը վավերացրել է 1992-ի փետրվարի 18-ին, Ադրբեջանը 1993-ի սեպտեմբերի 23-ին, այսինքն, այդ պահին Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկիր չէր: Եվ ասել, թե Հայաստանը, ստորագրելով Ալմա Աթայի հռչակագիրը, ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կներեք, էլի…Հո բոլորը ՔՊ-ական չեն ու բոլորը «Հայկական ժամանակ» չեն կարդում եւ Հ1 չեն նայում»:

Նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը վստահեցնում է, որ Ադրբեջանը ստորագրել է հռչակագիրը, բայց չի վավերացրել: Նրա խոսքով՝ 1993 թվականի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը դարձել է ԱՊՀ անդամ, նույն օրը Հեյդար Ալիեւը ստորագրել է Ալմա Աթայի հռչակագիրը, այդ նույն օրը Բաքվում տեղի է ունեցել իրենց Գերագույն խորհրդի նիստը, որը վավերացրել է ոչ թե հռչակագիրը, այլ ընդամենը ԱՊՀ կանոնադրությունը: Արթուր Խաչատրյանը հակադարձեց՝ ասելով, որ Ադրբեջանը վավերացրել է. «Իրենք երկուսը միասին են ընդունել: Կարող եմ հիմա բացել եւ ցույց տալ»:

Հարցին՝ ՔՊ պատգամավորներն ասում են՝ լավ, ուզում ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը, բայց չունենք ռեսուրս, ասում են՝ ուզեք, չունենք հնարավորություն, ի՞նչ պիտի անենք՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Այդ ռեսուրսը ՀՀ-ն միշտ ունեցել է: Այդ ռեսուրսը իրենք սպառել են եւ հիմա իրե՛նք չունեն ռեսուրս: Դա չի նշանակում, որ ՀՀ-ն չունի այդ ռեսուրսը: Մարդիկ ասում են՝ ձախողել ենք, բայց դե մենք պետք է շարունակենք: Ձախողել են, ուրեմն պետք է գնան ու գան նրանք, ովքեր ե՛ւ իրենց անցած ճանապարհով, ե ՛ւ ներկա կարողություններով ապացուցել են, որ կարող են այդ խնդիրները լուծել: 92 թվականին, երբ Ադրբեջանը գրավեց Շահումյանը, Մարտակերտի զգալի մասը, ներքեւից Հադրութը, այսինքն, ամբողջ Արցախի շուրջ 50%-ը գրավված էր, էլի ասում էին՝ տարբերակ չկա: Բայց ժողովուրդը բռունցքվեց, փոփոխություններ եղան Հայաստանում եւ Արցախում, թուրքերին հետ շպրտեցին: 96-ին լիսաբոնյան գագաթաժողովի ժամանակ համաշխարհային կոնսենսուս էր Արցախը Ադրբեջանի կազմում ինքնուրույնության բարձրագույն կարգավիճակ տալու: Հայաստանը վետո դրեց: Իշխանությունների փոփոխություն, կուրսի փոփոխություն: Նույնիսկ այն վերջին փաստաթուղթը, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է՝ 2018-ի հունվարի 18-ի Կրակովի, էլի գրած է, որ Արցախի կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով, հանրաքվեի օրակարգը ոչնչով սահմանափակված չի: Այսինքն, աշխարհն ասում էր՝ մենք կստեղծենք պայմաններ, որ լինի, որովհետեւ եթե նայեք Մադրիդյան փաստաթուղթը, Լաքվիլայի հայտարարությունը, Կազանի փաստաթուղթը, այնտեղ հետաձգված հանրաքվեի գաղափարն էր: Ամենավատ ու ամենաքննադատված փաստաթղթում էլ, իրենք ասում են՝ Լավրովի պլան, նույնիսկ այդ պլանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը երաշխավորվում է: Իսկ իրե՞նք ինչ են առաջարկում՝ Արցախը տանք, Տիգրանաշենը տանք, ճանապարհը տանք… Երբ թուրքերը հասան Շուռնուխի սահման, իրենք ասում էին՝ ճանապարհի կեսը մերն է, կեսն իրենցն է, կարող է լինել: Հիմա պարզվում է՝ Շուռնուխն «ադրբեջանական» է: Սկզբից ասում էին՝ դա եղել է բանավոր պայմանավորվածություն, հետո ես այդ թուղթը, որպես պատգամավոր, պաշտպանության նախարարությունում տեսել եմ, գրավոր է եղել եւ երբ անցնի գաղտնիության ժամկետը, չգիտեմ դա երբ կլինի, ես խորհուրդ կտամ ուղղակի նայել՝ ինչ են ստորագրել եւ փաստացի ադրբեջանցիք էլ ավելի ինչ են պնդել: Դա Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթուղթն է եղել»»: