կարևոր
4276 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-04 17:19
Քաղաքական

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշել են՝ 2022-26 թթ. նախատեսվում է շուրջ 66 հազար բնակչի վերաբնակեցում Ղարաբաղում. «Հենակետ»

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշել են՝ 2022-26 թթ. նախատեսվում է շուրջ 66 հազար բնակչի վերաբնակեցում Ղարաբաղում. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու համառոտ հրապարակել է տեղեկություններ նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մատիաշվիլիի հետ։

Նրանք քննարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինվորականների մասնակցությամբ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունների անցկացման նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև «Հավերժություն-2023» և «Կովկասյան արծիվ-2023» համակարգչային հրամանատարաշտաբային վարժանքների կազմակերպումը։

Հեյդար Ալիևի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի պետ, գեներալ-մայոր Ֆիզուլի Սալահովը  հայտնել է, թե ադրբեջանական բանակն ամբողջությամբ անցել է թուրքական ձևաչափին։ Ուսուցումը, ծրագրերը, սարքավորումները, անձնակազմի կառուցվածքը, կառավարումն արդեն նոր ձևաչափի մեջ է։

Թուրքիայի, Ադրբեջանի, Կատարի, Ղազախստանի, Պակիստանի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ Անկարայում անցկացվել են «Sonsuz Kardeşlik-I» համատեղ զորավարժություններ։

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուղղաթիռային ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական կրակով վարժանքներ են անցկացվել։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե իրենք միշտ աջակցելու են Ադրբեջանին։

Հոկտեմբերի 3-ին Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Բենիամին Գանցի գլխավորած պատվիրակության հետ։ Գանցի հետ հանդիպել է նաև Ալիևը և քննարկել է երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության հարցը։

Հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող զարգացումների մասին

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, թե ուժի գործադրումը չի կարող լուծում լինել, հարկ է անհապաղ վերսկսել Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը։ Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարել է, թե Միացյալ Թագավորության կառավարությունը հասկացրել է, որ զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ նրանք գտնվում էին մինչև ռազմական գործողությունները սկսվելը:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ ԱՄՆ պետդեպը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։

Կոնգրեսական Սփիերին միացել են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, փոխնախագահ Ադամ Շիֆը և կոնգրեսական Աննա Էշուն: Իսկ  ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը երկկուսակցական բանաձև է ներկայացրել, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից ապօրինի եւ անհիմն հարձակումը հայկական տարածքի վրա եւ կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում։
Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանները այցելել են Գեղարքունիքի մարզ: Նրանց թվում են եղել ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:

Նրանք տեղում ծանոթացել են քաղաքացիական բնակչությանը, օբյեկտներին, ենթակառուցվածքներին, հանրակրթական և այլ նշանակության օբյեկտներին հասցված վնասներին: Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին։
Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարություն է ընդունվել, որում Անկարան աջակցություն է հայտնել Ադրբեջանին։  Միջազգային ճգնաժամային խումբը (ICC) հրապարակել է նյութ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին սրացման մասին՝ նշելով Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանի տարածքները գրավելու համար։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման նպատակով նպաստավոր պայմաններ ստեղծելու համար։

Լեհաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Ռաու Զբիգնևը և Կատարին Կոլոննան հեռախոսով քննարկել են ԵԱՀԿ-ի կողմից հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու հարցը։

Գերիների սպանության տեսանյութի մասին

Տելեգրամ ալիքներում տարածվել է  մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են  անզեն հայ զինծառայողների: Այդ տեսանյութը Հայաստանը ներկայացրել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան։

Տեսանյութին է անդրադարձել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և իր թվիթերյան էջում գրել է, թե պետք է հետաքննություն անցկացվի և մեղավորները պետք է պատժվեն:

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսություն է որակել այդ երկրի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը։
Իսպանացի առաջատար վերլուծաբաններ, գիտավերլուծական կենտրոնների ղեկավարներ Պեդրո Բանյոս Բախոն, Էդուարդո Սալդանյան, Ֆերնանդո Արանկոնն իրենց գրառումներով դատապարտել են ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով հայ գերիների սպանության տեսանյութը, կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին վերլուծել այն ռազմական հանցագործությունների հատկանիշների տեսանկյունից:

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության վերաբերյալ իր հայտարարությունում նշել է, թե ակնկալում է՝ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։

ԵՄ-ն կոչ է արել Բաքվին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդկահարությունը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, թե Փարիզը ցնցված է Ադրբեջանի բանակի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունից։ Հունաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների մահապատիժը։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևը հայտարարել է, թե ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կովսական (Զանգիլանի) օդանավակայանում սահմանային անցակետի բացման համար։

Սեպտեմբերի 27-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան Հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Վարանդա (Ֆիզուլի)։ Իսկ Շուշիում Ալիևը և Ալիևան ծանոթացել են նոր բնակելի համալիրի, «Շուշա» հյուրանոցի և թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։

Ադրբեջանի գիտության և կրթության փոխնախարար Ֆիրուդին Գուրբանովը հայտարարել է, թե առաջիկայում շահագործման կհանձնվեն Շուշիում, Ակնայում, Ջրականում (Ջաբրայիլում) կառուցված դպրոցները։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե 2022-2026 թթ․-ին նախատեսվում է շուրջ 66 հազար բնակիչների վերաբնակեցում Ղարաբաղում։ Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարար Էլչին Զեյնալովը հայտարարել է, թե իրենք պլանավորում են յակեր գնել Տաջիկստանից՝ Ղարաբաղում դրանց բուծումը կազմակերպելու համար։

Տարածաշրջանային ծրագրերի մասին

Իլհամ Ալիևը հայտարարել է մինչև 2027 թ-ն Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝  2021 թ-ին ադրբեջանական գազի արտահանումը կազմել է մոտ 19 միլիարդ խորանարդ մետր, որից 8,2 միլիարդը հասել է Եվրոպա։ Այս ցուցանիշը 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Սկսվել է Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման գծի կոմերցիոն (IGB) շահագործումը, որը Բուլղարիային թույլ կտա ստանալ ադրբեջանական գազ, որն արտահանվում է ադրբեջանական «Շահ Դենիզ-2» գազային կոնդենսատային հանքավայրից։

Բուլղարիայի էներգետիկայի և ջրի կարգավորման հանձնաժողովը տեղեկացրել է, թե Հունաստանի հետ փոխկապակցիչի գործարկման պատճառով Բուլղարիայում գազի մեծածախ գինը միանգամից իջել է 34 տոկոսով։

Սոֆիայում IGB գազատարի բացման արարողությունից առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Twitter-ի իր էջում գրել է, թե Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման համակարգը առանցքային նախագիծ է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար:
Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշել է, թե Հունաստան-Բուլղարիա փոխկապակցիչը չափազանց կարևոր է Սերբիայի համար։ Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան ևս կարևորել է գազատարի գործարկումը:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, թե IGB փոխկապակցիչը էներգետիկ կամուրջ է, որն էլ ավելի կմոտեցնի Հունաստանին և Բուլղարիային։ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ընդգծել է, թե առաջիկա տարիներին Ադրբեջանից Եվրոպա արտահանվող գազի ծավալը կկրկնապատկվի։

Այլ թեմաներ

Բաքվում բողոքի ակցիա է անցկացվել Իրանի դեսպանատան դիմաց։ Մի քանի տասնյակ ցուցարարներ վանկարկել են՝ «Ազատություն Հարավային Ադրբեջանին», «Հեռացի՛ր, մոլլաների ռեժիմ», «Մա՛հ Իրանին», «Հեռացի՛ր, բռնապետ»։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պարզել է, որ Google Map և Google Earth հավելվածներում Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջաներեն ու ադրբեջանական տեղանուններով։