|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բերդ քաղաք: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սահմանամերձ այս քաղաքում Հանրապետության նախագահն այցելել է շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս: Անցյալ ամիս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ կրակոցներ էին արձակվել նաև այս գործարանի ուղղությամբ:
Շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, վերջին ամիսներին զբաղված է նաև բժշկական դիմակների արտադրությամբ: Նախագահ Սարգսյանը շրջել է արտադրամասում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել արտադրության ընթացքին ու ծավալներին:
Ընկերության ղեկավարները ներկայացրել են ձեռնոցների արտադրության ամբողջական ընթացքը, նշել, որ դրանց հիմնական խմբաքանակը արտահանվում է ԵԱՏՄ երկրներ: Նրանք ներկայացրել են նաև արտադրամասերի և արտադրության ծավալների ընդլայնման ուղղությամբ ծրագրերն ու աշխատանքները, նշել, որ շուտով սահմանամերձ ևս մեկ գյուղում՝ Պառավաքարում, իր գործունեությունը կսկսի «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի նոր արտադրամասը: