կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-11 17:33
Քաղաքական

Ալիեւի ականջները կկարմրեն

Ալիեւի ականջները կկարմրեն

Դժվար է պատկերացնել, թե ինչպես են նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Իլհամ Ալիեւը, կողք կողքի նստած, լուռ հետեւելու Բաքվում մեկնարկող Եվրոպական առաջին խաղերին: Ամեն դեպքում` Պուտինի նախընտրած մարզաձեւը` ձյուդոն, խաղերի ցանկում ընդգրկված է, հետեւաբար, ՌԴ նախագահը կարող է լուռ եւ ուշադիր հետեւել գոնե այս մարզաձեւի մրցումներին, բայց, այ, Լուկաշենկոն ձմեռային հոկեյի սիրահար է, որը, հասկանալի է, խաղերի ցանկում չկա: Դե, իսկ Իլհամ Ալիեւը, ասում են, լավ դահուկ է քշում:

Տպավորություն է, որ նախագահները հիմնականում խաղերի համար չէ, որ հավաքվելու են մի տեղ, հատկապես` այս նախագահները: Եվ եթե Նուրսուլթան Աբիշեւիչն էլ հանկարծ որոշի նույն ժամանակահատվածում իր վաղեմի ընկերոջ որդու երկիր այցելել, ապա կազմը լիարժեք կլինի: Բանն այն է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Բելառուսը ԵՏՄ հիմնադիր անդամներ են: Ու երկուսն էլ ցանկանում են հնարավորինս ուժեղացնել Միությունը` դրանում ներառելով նորանոր եւ կարեւոր երկրներ: Ադրբեջանը, հասկանալի է, որպես երկիր ե\'ւ նորանոր է, ե\'ւ, ուզում ենք մենք դա, թե` ոչ, կարեւոր: Իսկ Պուտինը եւ Լուկաշենկոն խաղերին հետեւելիս Ալիեւի ականջին ամենեւին էլ մրցավարների մասին վատ-վատ բաներ չեն ասելու, այլ ԵՏՄ-ի մասին` լավ-լավ բաներ: Ալիեւի ականջները կկարմրեն: Այլ հարց է, թե ի՞նչ կպատասխանի: Շատ հնարավոր է, որ նա մերժի Պուտինին եւ Լուկաշենկոյին, ինչը ԵՏՄ անդամ Հայաստանին դեռ անհանգստանալու առիթներ չի տա:

Բայց խնդիրն այն է, որ նույն այս օրերին Բաքվում մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիաներ են կազմակերպել` ընդդեմ ԵՄ-ի, եւ, եթե հաշվի առնենք, որ իշխանությունները չեն խոչընդոտում այդ ցույցերին, ինչը տրամաբանական կլիներ, հատկապես` Եվրոպական խաղերի շեմին, ապա ստացվում է, որ իշխանությունները արտոնել են այդ ցույցերը: Ուրեմն` Իլհամ Ալիեւը դեպի ԵՏՄ առաջին եւ կարեւոր քայլն արդեն իսկ արել է, նա ոչ միայն մերժել է ԵՄ-ին, այլեւ թույլ է տալիս, որ իր երկրում բողոքեն ԵՄ-ի դեմ:

Հովիկ Աֆյան