կարևոր
556 դիտում, 1 ժամ առաջ - 2025-08-18 10:35
Քաղաքական

Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը ձևավորել է բռնությունների և անպատժելիության արմատավորված համակարգ

Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը ձևավորել է բռնությունների և անպատժելիության արմատավորված համակարգ

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․

«2025 թվականի օգոստոսի 12-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց 2024 թվականի Մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը (https://www.state.gov/.../2024-country.../azerbaijan...),որը համարվում է ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթուղթ և համապարփակ կերպով ներկայացնում է տարբեր երկրներում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վիճակը և առկա խնդիրները։ Զեկույցի Ադրբեջանին նվիրված մասում արձանագրված փաստերը ներկայացնում են խիստ մտահոգիչ իրականություն։

Մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը փաստում է, որ Ադրբեջանը հանդիսանում է մի երկիր, որտեղ մարդու հիմնարար իրավունքները համակարգված կերպով ոտնահարվում են․ քաղաքական ընդդիմախոսները լռեցվում են, անկախ լրագրողները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ենթարկվում են հետապնդումների, իսկ խոշտանգումները դարձել են սովորական ու անպատժելի երևույթ։

Զեկույցում հատուկ ընդգծվում են հետևյալ առանցքային դիտարկումները․

-Արցախում (Լեռնային Ղարաբաղ) 2020–2023 թթ․ Ադրբեջանն իրականացրել է թիրախավորված էթնիկ զտում արցախահայության նկատմամբ։

-Մշակութային ժառանգության համակարգված ոչնչացում Արցախում (Լեռնային Ղարաբաղ)։

-Համակարգված խոշտանգումներ Ադրբեջանում՝ էլեկտրական շոկերի, ծեծի և սեռական բռնության կիրառմամբ՝ ամբողջական անպատժելիության մթնոլորտում։

-Մամուլի և խոսքի ազատության ճնշում․ միայն մեկ տարվա ընթացքում շինծու մեղադրանքներով Ադրբեջանում ձերբակալվել է 40-ից ավելի լրագրող և քաղաքացիական ակտիվիստ։

-Անդրազգային բռնաճնշումներ, ներառյալ սպանություններ և հետապնդումներ, ուղղված Ադրբեջանի սահմաններից դուրս գտնվող ընդդիմադիրների և իշխանություններին քննադատողների դեմ։

Զեկույցը փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները ձևավորել են բռնությունների և անպատժելիության խորապես արմատավորված համակարգ, որը գործում է բոլոր մակարդակներում։

Միևնույն ժամանակ, զեկույցը կարևոր է ոչ միայն որպես փաստաթուղթ, այլև որպես ազդակ միջազգային հանրության համար։ Այն վկայում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների ծավալների մասին, սակայն մնում է մեծ հարց՝ արդյո՞ք միջազգային հանրությունը պատրաստ է այս փաստերին տալ համարժեք քաղաքական ու իրավական գնահատական։ Եթե նման փաստաթղթերին չի հաջորդում հստակ և արդյունավետ պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, դրանք վերենածվում են ձևական բնույթ կրող արձանագրությունների, որոնք էական ազդեցություն չեն ունենա Բաքվի բռնապետական վարչակարգի հանցավոր գործողությունների վրա։

Այս իրավիճակը ստեղծում է մի շարք լուրջ մարտահրավերներ․

-Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների շարունակականություն՝ առանց որևէ իրավական պատասխանատվության։

-Միջազգային անտարբերության և ոչ բավարար արձագանքի օգտագործում՝ Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից սեփական ներքին ու արտաքին քաղաքականությունը հիմնավորելու նպատակով։

-Տարածաշրջանի կայունության և անվտանգության նկատմամբ իրական մարտահրավերներ, որոնք պայմանավորված են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության զավթողական քաղաքականությամբ։

-Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախում ոչ միայն չի դադարում համամարդկային արժեքների համակարգված ոչնչացումը, այլև այն հասնում է աննախադեպ ծավալների՝ վտանգի տակ դնելով հայկական պատմամշակութային ժառանգության գոյությունը։

Այսպիսով, ԱՄՆ Պետքարտուղարության տարեկան զեկույցը հանդես է գալիս որպես կարևոր փաստաթուղթ, որը փաստում է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ու համակարգված խախտումները։ Սակայն դրա գործնական ազդեցությունն առայժմ կախված է միջազգային հանրության կամքից՝ արդյո՞ք այն կվերածվի հստակ քայլերի և պատժամիջոցների, թե՞ կմնա զուտ քաղաքական հայտարարության մակարդակում։

Այսպիսի հարցադրումներ անելու իրավունքը մենք լիարժեք ունենք, քանի որ մեկ անգամ չէ, որ ականատեսն ենք եղել տարբեր պետությունների և միջազգային կառույցների կողմից նման «արարողակարգային» բնույթ կրող հայտարարությունների և զեկույցների որոնք այդպես էլ իրավական ուժ չեն ստացել, երբ հարցը վերաբերվել է նույն ադրբեջանական պետությունից ունեցած քաղաքական շահերին։ Հիշենք, թե ինչպես , օրինակ, ԵԽԽՎ-ի նստաշրջանների ժամանակ իրենց ժողովրդավար համարող մի շարք երկրների ներկայացուցիչներ ակնհայտորեն դրսևորում էին ադրբեջանամետ ու հակահայ դիրքորոշում, որը մինչ օրս հիշվում է որպես «խավիարային դիվանագիտություն»»։