կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-07 15:45
Քաղաքական

Ազգը վերածնողները

Ազգը վերածնողները

Ժամանակին մի պաշտոն կար, որի հապավումը հետեւյալն էր` ԱԽՔ: Չենք բացի հապավումը, հատկապես, որ նման պաշտոն այլեւս չկա, հավանաբար իմաստը չկա:

Հիմա այլ բաների իմաստը կա, օրինակ` ազգային վերածննդի: Լատիներենից թարգմանաբար` ռենեսանսի: Ի տարբերություն, սակայն իսկական իտալական ռենեսանսի, երբ Միքելանջելոն, դա Վինչին, Ռաֆաելը, Ջորջոնեն, Տիցիանը, ամենեւին էլ Արթուր Բաղդասարյանի հորդորով չէ, որ վերածնունդ ապահովեցին, հայկական ռենեսանսի ներկայացուցիչներ` «Ռոմելա»-ն, «Ֆլորա»-ն, «Մարինե»-ն, «Ալեն»-ը, «Տղամարդիկ», «21-րդ դարի հայորդիները», ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններ` «Հայացքը», «Թռիչքը», «Հույսի պատուհանը», «Լինենք բարի»-ն, «Անարդարության հաղթահարում մայր հայրենիքում»-ը, «Միշտ երիտասարդը» եւ «Հոգեբանական հետազոտությունների կենտրոն»-ը որոշել են ռենեսանս ապահովել` լսելով Արթուր Բաղդասարյանի հորդորը. հետեւաբար Արթուր Բաղդասարյանը հայկական ռենեսանսի հայրն է:

Անկեծ ասած, դատելով այս կազմակերպությունների անվանումներից, նախքան նրանք ազգային վերածննդի մաս կազմելը, լավ կլիներ, որ իրենք միավորվեին, օրինակ` «Միշտ երիտասարդը» միավորվեր «Մարինե»-ի հետ, կստացվեր` «Միշտ երիտասարդ Մարինե», կամ «Տղամարդիկ» միանային «»Ֆլորա »-ի հետ, շատ հետաքրքիր կստացվեր: Բավականին համահունչ կլիներ նաեւ «»Թռիչք»-ի եւ «Հույսի պատուհան»-ի միավորումը: Ճիշտ է` հնարավոր է այս միավորմանը մեղադրեին երկրում ինքնասպանությունները խթանելու մեջ, բայց համաձայնեք, բավականին գեղեցիկ կհնչեր` «Թռիչք` հույսի պատուհանից»:

Եւ վերջապես «Կանանց աջակցության կենտրոն»-ին միացնենք «»21-րդ դարի հայորդիների» հետ եւ  «Հոգեբանական հետազոտությունների կենտրոն»-ին «Անարդարությունների հաղթահարումը մայր հայրենիքում» ծրագրի շրջանակներում խնդրենք դառնալ մեր հասարակության փրկության «Աղավնին»:

Հուսանք կփրկեն, համենայն դեպս, այս իրավիճակում փրկվելը ազգային անվտանգության հարց է, իսկ ազգային վերածննդի հայրը, ինչպես գիտենք ազգային անվտանգության … չէ, հայրը չէր:

Հայկական ռենեսանսի մեջ են նաեւ… «Հայկանդուխտ» ավանդապաշտ կանայք …

Դե այսքանից հետո արի ու մի հիշիր, որ ժամանակին Հայաստանում մի պաշտոն կար, որի հապավումն այսպես էր` ԱԽՔ:

Հովիկ Աֆյան