կարևոր
883 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-16 12:27
Հասարակություն

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է Ադրբեջանի կողմից հայերին պատանդառության մեջ պահելը, Արցախի էթնիկ զտումը և քրիստոնեական ժառանգության ոչնչացումը

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է Ադրբեջանի կողմից հայերին պատանդառության մեջ պահելը, Արցախի էթնիկ զտումը և քրիստոնեական ժառանգության ոչնչացումը

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին 2024թ․ զեկույցը, որում տեղ գտած օբյեկտիվ դիրքորոշումների լույսի ներքո Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկյան վարչակազմին կրկին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու համար, կիրառել 907-րդ բանաձևը, ինչպես նաև ադրբեջանական պատերազմական հանցագործների համար գործադրել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցները, ապահովել հայ ռազմագերիների ու գերիների անվերապահ ազատ արձակումը։

Զեկույցը մեջբերում է․ «կամայական կամ ապօրինի սպանությունների, խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի, կամայական ձերբակալությունների և բանտարկությունների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների նկատմամբ հետապնդումների մասին արժանահավատ տեղեկությունները»՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կառավարությունը «չի ձեռնարկել իրական քայլեր՝ պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքները խախտած պաշտոնյաներին»։

Զեկույցում նշվում է ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 2024 թ․ հունիսի 5-ի զեկույցը, որն արձանագրում է «ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ծագում ունեցող ռազմագերիների և այլ պաշտպանված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լուրջ խախտումները»։ Բացի այդ, փաստագրվում է, որ ՄԱԿ-ի փորձագետները 2024 թ․ սեպտեմբերի 27-ին մտահոգություն են հայտնել՝ կապված «2020 թ․ Զանգելանում գերի ընկած 23 հայ զինծառայողի և մեկ քաղաքացու հարկադիր անհետացման» հանգամանքով, սակայն Ադրբեջանը այդ մասին ամբողջ տարվա ընթացքում որևէ պատասխան չի տվել։

Զեկույցը նշում է նաև Freedom House-ի 2024 թ․ նոյեմբերի 11-ի ուսումնասիրությունը, ըստ որի՝ Ադրբեջանը «իրականացրել է համակարգված ռազմավարություն՝ 2020-2023 թթ․ ընթացքում լիովին հայաթափելու Լեռնային Ղարաբաղը՝ հայ բնակչությանը ենթարկելով հարձակումների, ահաբեկման, հիմնական իրավունքներից և կենսապահովման պայմաններից զրկելու և հարկադիր տեղահանության նպատակով»։ Freedom House-ի 133 էջանոց զեկույցում եզրակացվում է, որ «Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախը՝ հարկադիր տեղահանումը կիրառելով որպես միջոց», կառավարություններին կոչ է արվում «նպատակային պատժամիջոցներ կիրառել պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, դադարեցնել զենքի, տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների մատակարարումը Ադրբեջանին և շարունակել միջազգային իրավական մեխանիզմներով հետապնդել արդարության ապահովումը՝ ներառյալ ԱՄԴ և ՄԻԵԴ դատավարությունները»։

Զեկույցը նաև նշում է, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «2024 թ․ հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախում մնացել էին ընդամենը 15 հայ բնակիչներ», իսկ Caucasus Heritage Watch-ը արձանագրել է «Շուշիում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և Ղազանչեցոց գերեզմանատան ոչնչացումը»։ Զեկույցը նաև մեջբերում է Bellingcat-ի 2024 թ․ սեպտեմբերի հետաքննությունը, որտեղ «արբանյակային և սոցիալական մեդիայի լուսանկարները ցույց են տալիս Ստեփանակերտում շենքերի և տների հսկայական ավերակներ»։

Զեկույցի հրապարակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության գործարքից» ընդամենը մի քանի օր անց։ Այդ գործարքը լայնորեն քննադատվում է հենց այդ հանցագործությունները անտեսելու համար։ Պետդեպարտամենտի եզրակացությունները հաստատում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ առանց արդարության և պատասխանատվության Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունն ու զիջումները միայն խրախուսում են վերջինիս ագրեսիան։

Մեկնաբանելով պետդեպարտամենտի զեկույցը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Հենց Թրամփի վարչակազմի մարդու իրավունքների զեկույցը որևէ կասկած չի թողնում առ այն, որ Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել հայ գերիներին, ոչնչացնել հայկական ժառանգությունը և համակարգված կերպով վերացնել Արցախի հայկական հետքը»։ 907-րդ բանաձևի կիրարկումից հրաժարվելը պարգևատրում է այս հանցագործությունների համար։ Մենք կոչ ենք անում վարչակազմին չեղարկել այդ որոշումը, արգելել զենքի վաճառքը և պատժամիջոցներ կիրառել այդ ոճրագործությունների կազմակերպիչների դեմ՝ «Գլոբալ Մագնիցկու» օրենքով սահմանված կարգով»։ «Համաձայնագիրը, որն անտեսում է Ադրբեջանի կողմից 2023 թ․ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումը Արցախում, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, հայ գերիների խոշտանգումն ու պահումը և տեղահանված հայերի վերադառնալու իրավունքը, չի կարող հիմք հանդիսանալ երկարատև ու ամուր խաղաղության համար։ Այն պարզապես կանաչ լույս է Բաքվին՝ նոր հարձակումների համար, վստահ լինելով, որ Վաշինգտոնը հետևանքներ չի ստեղծի»։

Օգոստոսի 8-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսում տարածել է հուշագիր՝ ներկայացնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունների հիմնական թերությունները։ Հայ դատի հանձնախումբն իրականացնում է նաև համայնքային աշխատանքներ՝ ԱՄՆ իշխանությունների վրա կենտրոնացնելով հասարակական ճնշում։ Մասնավորապես, ամերիկահայերը կարող են այցելել anca.org/realpeace կայք՝ կոչ անելու նախագահ Թրամփին և Կոնգրեսի անդամներին՝ դեմ լինել ԱՄՆ ռազմական օգնությանը Ադրբեջանին, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակում և աջակցել Բաքվի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառմանը։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

16082025թ