կարևոր
3889 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-28 17:37
Քաղաքական

Հայ ազգը չի կարող պարտվել Նիկոլ Փաշինյանին և իր դաշնակիցներին․ Քրիստինե Վարդանյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, որով այսօր պայմանավորվում է Արցախում ստեղծված իրավիճակը, այդ փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանը, Ռուսաստանը և Հայաստանը։ Ադրբեջանը ցեղասպան պետություն է։ Ադրբեջանից որևէ մարդասիրական քայլ սպասելը իրատեսական չէ, Ադրբեջանը 100 տարուց ավել է ունեցել, որպեսզի անդամագրվի, ինտեգրվի քաղաքակիրթ աշխարհ, բայց ինքը ամեն անգամ տապալել է իր այդ քննությունը, ու չնայած նրան, որ այսօր շատ պետություններ Ադրբեջանի հետ գտնվում են նավթագազային գործարքների մեջ, ես  վստահ եմ, որ նրանք  էլ գիտեն այս ճշմարտությունը, ուստի Ադրբեջանից այլ բան սպասել մենք չենք կարող, մենք միայն կարող ենք դիմագրավել Ադրբեջանին։ Այս մասին Կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Երկրորդ պետությունը, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, դա Ռուսաստանն է։ Այստեղ պատկերը միանգամայն այլ է։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ռուս ժողովրդի և Ռուսաստանի հետ Հայաստանի ժողովրդին կապում են բազմամյա բարեկամական հարաբերություններ, ուստի շատ բնական են այս օրերին հայ ժողովրդի ակնկալիքները, և հայացքները, որոնք ուղղված են Ռուսաստանին։ Այստեղ որևէ դավադրություն փնտրել պետք չէ, Արցախը իսկապես մեր Սալենինգրադն է, և այս պայմաններում, պատմական այս ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը պայքար է հայտարարել ֆաշիզմի դեմ, Մոսկվայում շատ լավ պետք է իմանան, որ մեկ դարից ավել է Հարավային Կովկասում Հայաստանն է, որ պայքարում է Թուրքիայի և Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության դեմ։ Եվ այդ պայքարում Հայաստանը ցանկանում է մենակ չլինել, և այդ պայքարում Հայաստանը ցանկանում է իր կողքին տեսնել իր դաշնակցին։ Կյանքի ճանապարհի ամեն ժամ, ամեն  օր փակ մնալը հայ հասարակության մեջ հարված է հասցնում Ռուսաստանի հեղիանկությանը։ Սա նույնպես Ռուսաստանում պետք է շատ լավ իմանան։ Ուստի, այս օրերին, Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերը պիտի գնահատվեն ոչ միայն հակահայկական, հակամարդկային, այլ նաև հակառուսական, և պետք է ստանան համարժեք արձագանք»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանին պատգամավորը նշեց, որ  այստեղ ամենացավոտ իրավիճակն է․ «Որքան էլ մենք դաշնակիցներ ունենաք, որքան էլ մեր մասին մտածեն, աշխարհում միակ պետությունը, որը ստեղծվել է հայերի անվտանգությունը ապահովվելու համար Հայաստանի Հանրապետությունն է։ Արցախում այսօր շրջափակման մեջ գտնվող մարդիկ ոչ թե Ռուսաստանի, ոչ թե ԱՄՆ-ի, ոչ թե Չինաստանի, այլ՝ ՀՀ քաղաքացիներ են, ուստի նրանց գերությունից ազատելը այս մարդկանց առաջնային գործն է։ Սակայն մենք այս ամբողջ տարիների, ամիսների, օրերի ընթացքում լրիվ հակառակ կեցվածք ենք տեսել այս մարդկանցից։ Եվ մենք այսօր այստեղ ենք հարցնելու՝ ո՞ւմ են պետք ձեր կառավարական ինքնաթիռները, եթե դրանք այս օրերին չեն տեղափոխում բուժման կարիք ունեցող արցախցիներին, ո՞ւմ են պետք ձեր կառավարական առանձնատները, եթե դրանք այսօր չեն հյուրընկալել տուն վերադառնալ չկարողացող արցախցիներին, ո՞ւմ եք պետք դուք ընդհանրապես, որ ոչ միայն չեք կարողանում որևէ անվտանգային խնդիր լուծել, այլ ամեն անգամ այսպիսի ճգնաժամերի դեպքում թշնամու հետ ձեռք ձեռքի տված թիրախավորում եք հային և հայությանը։ Մենք այստեղ ենք ասելու, որ Արցախը պաշտպանելը ձեր ընտրությունը չէ, այլ դա հայ ժողովրդի որոշումն է, որը մեր ժողովուրդը հաստատել է իր հազարավոր զավակների արյան գնով։ Այն քաղաքական գործիչը, այն մարդն ընդհանրապես, ով ուզում է Արցախից լվանալ իր ձեռքերը, հայ ժողովուրդը պետք է այդ մարդուց լավանա իր ձեռքերը, և խաչ քաշի նրա վրա ընդհանրապես»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով Արցախն ամեն անգամ իր վրա է վերցրել թշնամու ծանր առաջին հարվածը․ «Ամբողջական շրջափակման մերջ գտնվող Արցախի մեր քույրերն ու եղբայրները չեն հանձնվում, այն Արցախի, որը մղել է 3 պատերազմ, որի ամեն տանը կա զոհ, բայց նաև կա զինվոր, այդ մարդիկ չեն հանձնվում, շարունակում են պայքարը, ուստի մենք հանձնվելու իրավունք չունենք, ու մենք այստեղ ենք առաջինը այդ մարդկանց ասելու, որ մենք ձեր կողքին ենք, որ դուք մեր եղբայրներն ու քույրերն եք, որ մենք մեկ ազգ ենք, և որ մեր պայքարը մեկն է։ Մեզ հարցնում են, լավ դեռ ինչքան պետք է ցույցեր և երթեր անենք, դեռ որքան ժամանակ եք փողոցում լինելու։ Սիրելի հայրենակիցներ, մի քանի հազար ենք և դա բավական  է, որպեսզի մեր պահանջները հնչեցնենք, և ես վստահ եմ, որ այս մի քանի հազարը մի օր դառնալու է մի քանի տասնյակ հազար, և դա բավական է լինելու ամոթի և խայտառակության էջը փակելու համար։ Ինչքան պետք է շարունակե՞նք այս պայքարը, այնքան որքան պահանջում է մեր հաղթանակը, որովհետև Արցախյան առաջին պատերազմին մեր ավագ սերունդը չի հանձնվել, 44-օրյա պատերազմին հայ զինվորը չի հանձնվել, Արցախը չի հանձնվում, մենք հանձնվել չենք կարող, որովհետև լույսը չի կարող պարտվել խավարին, որովհետև ճշմարտությունը չի կարող պարտվել ստին, որովհետև հայ ազգը չի կարող պարտվել Նիկոլ Փաշինյանին և իր դաշնակիցներին։ Ուստի միակ բանը , որ մնում է անել մեզ, շարունակել պայքարը, և երբեք չհուսահատվել»,- ասաց պատգամավորը։