կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-05-08 13:44
Քաղաքական

Երեւանը` երեւանցիներին, այլ ոչ թե` ''լյալյաներին''. Արմեն Երիցյան

Երեւանը` երեւանցիներին, այլ ոչ թե` ''լյալյաներին''. Արմեն Երիցյան

Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորող ԱԻ` արդեն վերանշանակված նախարար Արմեն Երիցյանը թեեւ ընտրությունների ժամանակ որոշ բացթողումներ եւ թերություններ է նկատել, բայց, ընդհանուր առմամբ, դրանք դրական է գնահատում: Այս մասին նա հայտնեց կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում եւ նշեց, որ թեեւ ՕԵԿ-ը չի հաղթել ընտրություններում, միեւնույն է, հիասթափված չէ:

 

«Ես կարծում եմ, որ պետք է առաջ գնալ: Իմ նախարարությունը շատ անելիքներ ունի, եւ մենք միասին ենք գնալու առաջ: Ես խոստացել եմ, որ մենք տեսենելու ենք լավ Երեւան: Ես էլ եմ լինելու քաղաքապետի կողքին, եւ մեր նախարարությունն անելու է այն, ինչ կարող է անել»,- նշեց նա:

 

Ընտրություններում ՕԵԿ-ի հավաքած ոչ բավարար ձայները, ըստ Երիցյանի, կուսակցությանը մտածելու տեղիք են տալիս: Մասնակցելով ընտրություններին` նախարարի կորուստը միայն ժամանակն է եղել:

 

Լրագրողներից մեկի հարցին` եթե քաղաքապետ չդարձավ, Կոմայգու հարցը չլուծված է մնալու, Երիցյանը պատասխանեց. «Միանշանակ, լուծելու ենք միասին: Ես ասել եմ` Երեւանը երեւանցիներին, այլ ոչ թե` «լյալյաներին»: Ասել եմ եւ պնդում եմ»:

 

Լրագրողների դիտարկմանը, որ քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ականները նեղվել էին Երիցյանի որոշ գնահատականներից, անգամ «տղայական» էին դրանք որակել, ՕԵԿ-ական նախարարը հայտարարեց. «Ի՞նչ է նշանակում «տղայական» արտահայտություն, ես այն, ինչ մտածել եմ, ասել եմ, եւ յուրաքանչյուր տղամարդ այն, ինչ մտածում է, պետք է ասի: Անպայման չէ, որ բոլոր տղաները աղջկական արտահայտություններ անեն»:

 

Անդրադառնալով նորանշանակ կառավարությանը, մասնավորապես` իր վերանշանակմանը` Երիցյանը հայտարարեց, որ ինքն աշխատել է այնքան, որքան կարողացել է:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, որ թեեւ շատ նախարարություններից դժգոհ էին, բայց դրանց ղեկավարները վերանշանակվեցին, ո՞րն է տրամաբանությունը, ՕԵԿ-ական նախարարը արձագանքեց. «Ես չգիտեմ` ում մասին է խոսքը, բայց եթե պետք է փոխվեին` կփոխվեին, եթե չեն փոխվել, նշանակում է իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են»: