կարևոր
586 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-05 18:34
Հասարակություն Քաղաքական

Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը

Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը

Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից հենց դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը։ Այս մասին հայտնում է Armenia Sputnik-ի աղբյուրը։

Թե որ ԲԿ-ում է և ինչ վիճակում է, գերատեսչությունները չեն մեկնաբանում։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։

Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում է։

Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը վիրահատել են։

Անիի քրոջ՝ Արփի Ավետիսյանի փոխանցմամբ՝ բժիշկները պայքարում են, որպեսզի Անիի ոտքը չհեռացնեն։

Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։ Նա կալանավորվել է 2 ամսով։