|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Հետք»-ը գրում է.
«2026-ի հունվարին «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում «երկարատև քննարկումներից» հետո որոշեցին մրցույթ հայտարարել եւ վարձակալել 1998 թվականի արտադրության «Opel» մարդատար ավտոմեքենա։ Այն պետք է լիներ 101-116 ձիաուժանոց, գազով ու բենզինով աշխատող չորստեղանոց մեքենա։ Տեխնիկական բնութագիրը գրելիս ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ասես իրենց ձեռքի տակ ունեցել են Տիգրան Համբարձումյանի «Opel»-ի տեխանձնագիրը։ Իսկ ով է Տիգրան Համբարձումյանը։ Նա Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, էկոպարեկ: Ի դեպ, Տիգրան Համբարձումյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։
«Տիգրան Համբարձումյանը 1998 թվականի արտադրության, 116 ձիաուժ հզորությամբ «Opel» մակնիշի մեքենան գնել է 2025թ․-ին 300.000 դրամով։
«Մեքենան պետք է աշխատի գազով և բենզինով: Մեքենան վարձակալվում է առանց վարորդի և վարձակալելուց հետո մնալու է կենտրոնում, պետք է սահմանված ամենօրյա գրաֆիկով տեղափոխի կենտրոնի մասնագետներին Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի դպրոցներ և ՆՈՒՀ-եր, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխաներ և որտեղ կան կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի գնահատման ենթակա երեխաներ: Իսկ գրաֆիկից դուրս օգտագործվելու է Կենտրոնի այլ կարիքների համար: Կենտրոնը պարտավորվում է պայմանագրի ավարտից հետո մեքենան սարքին վիճակում վերադարձնել տիրոջը»,- նշված էր տեխնիկական բնութագրում:
Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել միայն Տիգրան Համբարձումյանը։ Նրա հետ կնքվել է 1 մլն 990 հազար դրամի պայմանագիր՝ նախահաշվային գնից 10 հազար դրամ պակաս։
Մենք փորձեցինք նաև պարզել, թե ինչպես է որոշվել, որ ՊՈԱԿ-ին հենց այս պարամետրերով մեքենա է անհրաժեշտ, և ինչ տրամաբանությամբ է գրվել տեխնիկական բնութագիրը։
«Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Դովլաթյանն ասաց, որ մեքենայի վարձակալության նպատակով կազմակերպվող մրցույթի տեխնիկական բնութագիրը 2016 թվականից չի փոխվել։ Հարցին՝ արդյոք տեղյակ են, որ տարեկան 1 մլն 990 հազար դրամով վարձակալվող մեքենան գնվել է 300.000 դրամով, Դովլաթյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ես իրավունք ունեմ Ձեր հարցերին չպատասխանել»։
ՊՈԱԿ-ի տնօրենի պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ՝ 2020 թվականին հայտարարված մրցույթի տեխնիկական բնութագրում նշված է՝ 122 ձիաուժ հզորությամբ «Mercedes-Benz C 180» կամ համարժեք մեքենա։
Տեխնիկական բնութագրում մեքենայի մակնիշի նշումը ևս խնդրահարույց է։ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված է, որ գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի կամ ֆիրմային անվանման, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց։ Սակայն մարդատար մեքենայի վարձակալությունը դժվար թե անհնար լիներ առանց կոնկրետ մակնիշի հիշատակման։
Մեքենայի մակնիշի հիշատակումը տեխնիկական բնութագրերում շարունակվում է մինչև 2025 թվականը, բայց «Mercedes-Benz c 180»-ը փոխարինվում է «Opel Astra 1.8»-ով։
2022-2026 թվականներին ՊՈԱԿ-ի հայտարարած մրցույթներում հաղթում է նույն «Opel Astra»-ն։ Մինչև 2025 թվականն այն պատկանում էր Արման Իվանյանին, որի հետ էլ կնքվում էին պայմանագրերը։ 2025 և 2026 թվականներին, երբ Արման Իվանյանը մեքենան վաճառեց Տիգրան Համբարձումյանին, պայմանագրերը սկսեցին կնքվել Համբարձումյանի հետ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։