|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում այս օրերին բավական թեժ քննարկվում է TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի հաջորդ փուլը։ Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակները սրտատրոփ սպասում են գործընթացի առաջ շարժվելուն, որպեսզի համաձայնագիրը հնարավորինս արագ հասնի Ազգային ժողով։
Խոսքը, մասնավորապես, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին է։ Կառավարությունն այն վավերացնելու մասին օրենքի նախագիծն արդեն հաստատել է, իսկ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին համաձայնագրով ստանձնվող պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Այսպիսով, հաջորդ առանցքային հանգրվանը Ազգային ժողովն է։
Իսկ ի՞նչ է պետք քննարկել խորհրդարանում։
ԱԺ-ին ներկայացվելու է ոչ թե պարզապես ճանապարհաշինական հերթական նախագիծ, այլ Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման օրենքի նախագիծ։ Դրա ընդունմամբ պետք է ավարտվեն այն ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար։
TRIPP-ի շրջանակում նախատեսվում է Հայաստանի տարածքով միջազգային տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացում՝ երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներից մինչև էլեկտրական, օպտիկամանրաթելային և այլ ենթակառուցվածքներ։ Նախագիծը նախատեսում է նաև TRIPP Development Company-ի ստեղծում, որի բաժնեմասերի 74 տոկոսը նախատեսվում է ԱՄՆ-ին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ TRIPP-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, և որ նախագիծը չի ենթադրում օտարերկրյա ռազմական կամ զինված ներկայություն։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը ներկայում գտնվում է վավերացման փուլում։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում այժմ քննարկվում է նաև այն հարցը, թե ինչ ժամկետներում կարելի է համաձայնագիրը խորհրդարանում անցկացնել և դրանից հետո անցնել գործնական փուլին։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունների նպատակն է հնարավորինս արագ ավարտել վավերացման գործընթացը և մինչև տարեվերջ մտնել TRIPP-ի գործնական իրականացման փուլ։
Այսինքն՝ առաջիկայում Ազգային ժողովում քննարկվելու է մի փաստաթուղթ, որի ընդունումը կարող է մեկնարկային իրավական հանգրվանը դառնալ Հայաստանի տարածքով նախատեսվող բազմամիլիարդանոց ենթակառուցվածքային և տարածաշրջանային կապերի նախագծի համար։
Հիմա հիմնական հարցը մնում է՝ որքան արագ իշխանությունը TRIPP-ը կանցկացնի խորհրդարանի միջով և ինչ պայմաններով կանցնի դրա գործնական իրագործմանը»։