|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Նիկոլ Փաշինյանը այսօր մի քանի միտք է արտահայտել Հայաստան–Սփյուռք հարաբերության մասին, ընդ որում՝ վտանգավոր միտք, եւ իհարկե ինչպես միշտ՝ նաեւ մանիպուլյատիվ։ Ի դեպ հատկանշական է, որ նա թեմային անդրադարձել է Հանրայինի հարցին ի պատասխան, ինչը կարող է հիմք լինել առնվազն ենթադրելու, որ անդրադարձը եղել է ծրագրված։ Կրկնեմ, սա իհարկե ենթադրություն է։ Բայց էականը դա չէ։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կրկին, թե մեզ «սեքոնդ–հենդ» պետք չէ։ Այստեղ մանիպուլյացիան է, որովհետեւ Հայաստան–Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ–հենդի» տրամաբանությամբ։ Այո, անկախության առաջին տարիներին, պատերազմի տարիներին Հայաստանն ուներ ամեն ինչի կարիք եւ կարող էին լինել այդպիսի նվիրատվություններ, օգնություններ, եւ այլն։ Բայց, դա չէր Հայաստան–Սփյուռք հարաբերության ամբողջությունն ու առանցքը։ Ավելին, այդպիսի օգնություն Հայաստանին տրամադրում էին նաեւ շատ երկրներ։
Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստան–Սփյուռք հարաբերությունը պետք է կառուցվի տնտեսական, կրթական ծրագրերի վրա։ Եվ ներկայացրել է Ֆայըրբըրդ ընկերության, Թումոյի, մի քանի այլ օրինակներ։ Նա չգիտես ինչո՞ւ մոռացել է օրինակ Ռուբեն Վարդանյանի օրինակը, որը ըստ էության որպես տնտեսվարող, բարեգործ, ձեւավորվելով սփյուռքում, դեռեւս տասնամյակ առաջ է սկսել Հայաստանում խոշոր ներդրումներ անել թե տնտեսության, թե կրթության ուղղությամբ, որոնք ունեցել են ընդհուպ սերնդային նշանակություն, փոխել Հայաստանի առանձին ռեգիոնների դիմագիծ։ Ի դեպ, Վարդանյանը նաեւ այդ տրամաբանությամբ ներդրումներ էր անում նաեւ Արցախում։
Որպես գործարար ու մեկենաս՝ սփյուռքում ձեւավորված Սամվել Կարապետյանը Հայաստայում իրականացրել ու իրականացնում է տնտեսական ու բարեգործական խոշոր ծրագրեր։ Վաչե Մանուկյանը, Էդուարդո Էռնեկյանը, Քըրք Քըրքորյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Ալեք Մանուկյանը, բազմաթիվ այլ սփյուռքահայեր՝ Նիկոլ Փաշինյանի «թվարկությունից» առաջ են Հայաստանում իրականացրել տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական ծրագրեր, նաեւ Արցախում։
Նիկոլ Փաշինյանը այդ ամենը նենգափոխում է որակում է«սեքոնդ–հենդ», այն դեպքում, երբ օրինակ մի քանի տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսի 5–ին Արցախի մայրաքաղաքում հայտարարում էր․ «Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են, օրինակ, Թումո կենտրոնները ստեղծվել Հայաստանում ու Արցախում և այստեղից են տարածվում դեպի Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են smart center-ները ստեղծվում Հայաստանում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Շառլ Ազնավուրի ընտանիքը որոշել նրա կենտրոնական տուն-թանգարանը ստեղծել Հայաստանում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ էր Քըրք Քըրքորյանը 100 մլն դոլար նվիրաբերում Հայաստանի զարգացման գործին։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ էր անկախության առաջին օրերից ի վեր Վաչե Մանուկյանը միլիոնավոր դոլարների ներդրումներ անում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետությունում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում։ Եթե կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Վարդան Սրմաքեշը Հայաստանում և Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում և զարգացման ծրագրեր իրականացնում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդնում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է «Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանը իր նոր գործարանները կառուցում հայրենի Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում՝ սահմանի ամենաեզրին հազարավոր աշխատատեղեր ստեղծելով սահմանամերձ գյուղերի բնակիչների համար։ Այս ցանկը դեռ կարելի է շարունակել»։
Կրկնեմ, սա ընդամենը 2019 թվականին էր։
Ընդ որում, վարչապետ Փաշինյանը սփյուռքի վերաբերյալ արել է նաեւ մեկ այլ վտանգավոր արտահայտություն։ Ըստ նրա, պետք չէ մոռանալ, որ սփյուռքը օտար երկրների քաղաքացիներ են եւ նրանք կարող են օգտագործվել Հայաստանի նկատմամբ ազդեցության համար։
Կարո՞ղ են։ Իհարկե։ Իսկ կարո՞ղ են օրինակ Հայաստանի դեմ օտար ազդեցության համար հավաքագրվել Հայաստանի քաղաքացիներ, որ ապրում են Հայաստանում։ Իհարկե կարող են։ Ուրեմն, պետք է հայտարարել, թե հայաստանցիները օգտագործվում են Հայաստանի դեմ ազդեցության համար։ Իհարկե ոչ։ Դա անհեթեթություն է։
Նույն անհեթեթությունն է հայտարարելը սփյուռքի մասին։ Բայց, սա խիստ վտանգավոր «անհեթեթություն» է, որովհետեւ միտված է հայաստանցիների մոտ սփյուռքահայության հանդեպ անվստահություն առաջացնելուն, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ անվստահություն խորացնելուն։ Այսինքն, Հայաստանում գծելով իր ներքաղաքական կարիքներից առաջացած բաժանարար գծերը, Նիկոլ Փաշինյանը դրանք տեղափոխում է նաեւ սփյուռք՝ Հայաստան–Սփյուռք հարթություն»։