կարևոր
541 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-11 17:32
Աշխարհ

ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը

ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը

Աշխաբադում ԱՊՀ տնտեսական խորհրդի 111-րդ նիստի մասնակիցները համաձայնեցրել են 2027 թվականին Համագործակցության անդամ պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման և զարգացման համար հատկացումների տրամադրման հարցը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նիստի մասնակիցները ստորագրել են օրակարգում ընդգրկված բոլոր 28 փաստաթղթերը: Մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀՕՊ գծով համաձայնագրերը, ստորագրվել են առանց առանձին քննարկման։

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը լրագրողներին հայտնել է, որ նիստի ընթացքում Տնտեսական խորհրդի անդամները հաստատել են համագործակցության երկրների տարածքում միջազգային փոխադրումների ժամանակ տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության իրականացման միջոցառումների 2026-2030 թվականների ծրագիրը:

Նիստի ընթացքում ներկայացվել է ԱՊՀ տարածքում փոխադարձ առևտրի խոչընդոտների և դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունների մասին տեղեկատվություն, որը պատրաստվել է մասնակից պետությունների տվյալների հիման վրա՝ կիրառվող հատուկ պաշտպանական, հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների, ժամանակավոր արգելքների, լիցենզավորվող և քվոտավորվող ապրանքների, ինչպես նաև կողմերի փոխադարձ առևտրի զարգացումը դժվարացնող սահմանափակումների կիրառման վերաբերյալ: