կարևոր
760 դիտում, 2 ժամ առաջ - 2026-08-29 09:10
Քաղաքական

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դիսկուրսում վերջին շրջանում նկատվող միտումները վկայում են իրավական պետության հիմնարար սկզբունքների և քաղաքական հռետորաբանության միջև սահմանագծի վտանգավոր աղճատման մասին։ Ամենախոշոր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի առաջարկը՝ լուծարել դատական համակարգը և պատիժները ՔՊ վարչության նիստերում սահմանել, թեև ձևակերպված է դառը հումորով, ցայտուն կերպով արտացոլում է հանրային-քաղաքական դաշտում առկա լուրջ համակարգային խնդիրը։

ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անմեղության կանխավարկածը ենթադրում է, որ որևէ անձ չի կարող հանրայնորեն պիտակավորվել որպես հանցագործ, քանի դեռ առկա չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Այնուամենայնիվ, քաղաքականապես զգայուն գործերով, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի և այլ գործիչների մասով, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող ահաբեկիչ, կոռուպցիոներ կամ թալանչի որակումները կանխակալ վերաբերմունք են ձևավորում հանրության շրջանում և ուղղակի ճնշում գործադրում քննչական ու դատական մարմինների վրա։

Ըստ էության, նման գործելաոճը Հայաստանը նետում է խորհրդային տրոյկաների ոճով դատավարությունների ձևավորման օրակարգ, որովհետև դատական գործընթացները դառնում են ձևական։ Երբ երկրի իշխող ուժի կամ նրա ղեկավարի ուղղակի ցուցումով կարող են միանգամից ձերբակալություններ լինել առանց իրական իրավական պրոցեսի, ու կարող են մարդու վրա հոդված կարել ուղղակի սպասարկելու համար երկրի ղեկավարի ցանկությունները, ապա ոչ միայն դատական համակարգը կորցնում է լեգիտիմությունը, այլև ուղղակի սկսում է գործել խորհրդային «տրոյկաների» տրամաբանությամբ։

Այս ամենը բերում է դատարանների անկախության չեզոքացման, երբ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կանխակալ հայտարարությունների պայմաններում դատավորները հայտնվում են քաղաքական ուղղորդման և հանրային ճնշման երկընտրանքի առջև։ Արդարադատության համակարգի նկատմամբ վստահության անկումը հանգեցնում է իրավական պետության հիմքերի թուլացմանը, որտեղ օրենքի գերակայությունը փոխարինվում է քաղաքական նպատակահարմարությամբ։ Ակնհայտ է, որ իրավական համակարգում առկա է խորքային ճգնաժամ, որը պահանջում է անհապաղ անդրադարձ։ Քաղաքական հռետորաբանության զսպվածությունը և անմեղության կանխավարկածի անվերապահ պահպանումը ցանկացած ժողովրդավարական պետության կենսունակության անբաժանելի նախապայմանն են։