կարևոր
1069 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-28 23:50
Աշխարհ

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ երկրի զինված ուժերում պետք է ամսական առնվազն 30 հազար մարդ զորակոչել և կոչ է արել ընդունել զորահավաքն «այնպիսին, ինչպիսին կա»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Բուդանովի խոսքերը։

«Որքան էլ ցավալի է, պետք է զորահավաքն ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ Այլ կերպ մենք չենք կարող վարվել։ Պետք է համարձակություն ունենալ ու բացահայտ ասել․ ամսական 30 հազարից պակաս մարդ զորակոչելն ուղղակի չի կարելի։ Դա նվազագույնն է, որն անհրաժեշտ է առկա իրավիճակը պահպանելու համար»,- ասել է Բուդանովը։

Բուդանովը նաև կարծիք է հայտնել, որ Եվգենի Խմարայի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու հանգամանքը զորահավաքի հարցում ոչինչ չի փոխի։

«Խմարայի նշանակմամբ էականորեն ոչինչ չի փոխվի, որովհետև կարիքը կա՝ առնվազն 30,000 քաղաքացիների։ Եվ դա հսկայական թիվ է։ Հետևաբար, որքան էլ մենք ասենք, որ տարբեր կերպ կզորակոչենք, քանակական ցուցանիշները չեն փոխվի, ինչը նշանակում է, որ դժգոհ մարդկանց թիվը նույնպես չի փոխվի։ Դրա դեմ ոչինչ չի կարելի անել»,-ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Միևնույն ժամանակ, Բուդանովը հույս է հայտնել, որ «հարկադիր զորահավաքի» մոտեցումները կարող են որոշ չափով փոփոխվել։

«Հուսով եմ, որ այս հարկադիր զորահավաքի մոտեցումները, որոնք երբեմն տեղի են ունենում, կարող են որոշ չափով փոփոխվել։ Դա համընդհանուր չէ, բայց նման դեպքեր կան։ Դրան պետք է անդրադառնալ»,-նշել է նա։