կարևոր
397 դիտում, 56 րոպե առաջ - 2026-09-10 19:15
Հասարակություն

Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել


Սեպտեմբերի 6-ին Բյուրեղանում արձանագրված թունավորումների մի քանի դեպքերը կրկին անհանգստություն են առաջ բերել համայնքում։ Ըստ Առողջապահության նախարարության տեղեկությունների՝ անցած կիրակի Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: 

Վարակի նշված դեպքի պատճառները հասկանալու համար խմելու ջրից և հիվանդներից վերցվել են կենսանմուշներ՝ հետագա լաբորատոր հետազոտությունների համար։ Հետազոտությունների արդյունքներն արդեն հայտնի են՝ խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում սահմանված չափանիշներին որևէ անհամապատասխանություն չկա։ Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ խմելու ջրի նմուշառումներն իրականացվել են 2 փուլով. առավոտյան վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ նույն օրվա երեկոյան՝ խմելու ջրի ևս 19 նմուշ։ Այս պահի դրությամբ խմելու ջրի վերցված բոլոր նուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Հետազոտված 25 կենսանմուշում ևս վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

Այն, որ Բյուրեղավանի խմելու ջրում որևէ շեղում չի եղել երկու օր առաջ Հանրային Հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

Այսպիսով Բյուրեղավանի բնակիչների շրջանում, հանրային դաշտում և լրատվամիջոցներում տարածվող ասեկոսեներն, իբրև թունավորումների պատճառը խմելու ջուրն է, հերթական անգամ հերքվեցին։ 

Թեման նոր չէ ո՛չ բյուրեղավանցիների համար։ Վարակի դեպքեր Բյուրեղավանում եղել են նաև ապրիլին և հուլիսին։ Այն ժամանակահատվածներում նույնպես թե՛ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների, թե՛ «Վեոլիա Ջրի» լաբորատոր հետազոտություններ ջրի որակի որևէ խնդիր չեն արձանագրել։ Ավելին՝ մասնագետների եզրակացությունը մեկն էր՝  տարբեր ժամանակներում և տարբեր հատվածներից վերցված նմուշները հստակ են՝ ջրի պարունակության մեջ խախտումներ չկան։