|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։
«Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են խմելու ջրի և կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ։
Այս պահին՝
• նոր հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։
• հիվանդներից 2-ը շարունակում են ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից։
Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից:
Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:
ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ վերջին 3 ամսում Բյուրեղավանում աղիքային վարակի երկրորդ դեպքն է գրանցվել, գանգատներով Աբովյանի բժշկական կենտրոն են դիմել քաղաքացիներ: Հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են:
Բուժառուների կարծիքով՝ իրենց ինքնազգացողության վատացման պատճառը եղել է ջուրը: