|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.54 |
| EUR | ⚊ | € 416.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.661 |
| GBP | ⚊ | £ 486.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի կողմից սահմանափակումների աստիճանական ընդլայնումը կարող է դուրս գալ զուտ առևտրի շրջանակից և բացասաբար անդրադառնալ Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի, գների (գնաճի) ու սոցիալական վիճակի վրա: Այս մասին նշված է «Armenia’s Economic Pulse» (Հայաստանի տնտեսական զարկերակը) ամենամյա զեկույցում։
Զեկույցը ներկայացնելու նպատակով Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ բանկի ներկայացուցիչները նշեցին, որ արտահանման ռիսկերից առանձնացվել է այն, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի և կաթնամթերքի սահմանափակումները լրջորեն ազդում են արտահանման ծավալների վրա (մայիսին դեպի ՌԴ արտահանումը նվազել է 15 %-ով)։
Բանկից նշել են, որ հուլիսի 27–ից «Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից կաթնամթերքի ներմուծման սահմանափակման արդյունքում Հայաստանը ռիսկի տակ է դնում իր կաթնամթերքի արտահանման եկամուտների ճնշող մեծամասնությունը, քանի որ վերջին տվյալներով՝ արտահանվող կաթնամթերքի շուրջ 78.3%-ն ուղղվում էր հենց ռուսական շուկա։
«Քանի որ գյուղմթերքի և կաթի արտադրությամբ զբաղվում են հազարավոր անհատ գյուղացիներ, արտահանման կանգը անմիջապես հարվածում է նրանց եկամուտներին։ Բանկը նախագուշակում է, որ սա կարող է հանգեցնել տեղական շուկայում գների տատանումների»,– նշել են ՀԲ ներկայացուցիչները։
Զեկույցում անդրադարձ է եղել նաև երկրում աղքատության և զբաղվածության ցուցանիշներին` շեշտելով, որ թեև աղքատությունը նվազել է, բազմաթիվ տնային տնտեսություններ գտնվում են սահմանագծին և խոցելի են ցանկացած տնտեսական ցնցման հանդեպ։
«Խնդիրը ոչ թե աշխատատեղերի պակասն է, այլ դրանց ցածր արտադրողականությունն ու ցածր վարձատրությունը», – ընդգծել են բանկից։
ՀԲ–ն արձանագրել է, որ խոշոր խանութների ու առևտրի ցանցերի կենտրոնացվածությունը Հայաստանում չափազանց բարձր է (90% հավանականությամբ նույն 4 խոշոր ընկերություններն են մնում գերիշխող), ինչը թույլ չի տալիս գների արդար ձևավորում։
Ի դեպ, Համաշխարհային բանկը Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 5,9 %–ից իջեցրել է 5,3%–ի։