կարևոր
5866 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-03 10:58
Տնտեսական

Դեպի ՌԴ արտահանման դադարեցումը կհանգեցնի կաթնամթերքի գնի անկմանը․ Թադևոս Ավետիսյան

Դեպի ՌԴ արտահանման դադարեցումը կհանգեցնի կաթնամթերքի գնի անկմանը․ Թադևոս Ավետիսյան

Ապրիլի 5-ից հայկական արտադրության կաթնամթերքի՝ ՌԴ տարածք արտահանելու ռուսական կողմի արգելքը պետք է դիտարկել մի քանի հերթության մեջ։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ Հարթություններից առաջինն, ըստ փորձագետի, քաղաքական ենթատեքստ ունի։

«Մեր ռազմավարական դաշնակիցը, նաև ԵԱՏՄ անդամ մեր հիմնական գործընկեր երկիրը, փաստորեն, էմբարգո է դնում կաթնամթերքի՝ Ռուսաստան ներմուծման մասով։ Եթե կուզեք, ասեմ՝ սա, ըստ էության, տնտեսական պատժամիջոց է։ Մենք շատ լավ գիտենք, որ Ռուսաստանի սանիտարահիգիենիկ մարմինը, տարբեր առիթներով դա շատ լավ օգտագործում է նաև քաղաքական նպատակներով, և գործածվում է որպես պատժամիջոցի գործիք»,-ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ տեղի ունեցողը որոշ անվերադարձելի իրողությունների հետևանք է։ «Երկրորդն արդեն, միանշանակ, տնտեսական ազդեցությունն է։ Այս առումով, միայն կթնամթերքի պատրաստի ապրանքը չէ, որ թիրախավորվում ու ներառվում է պատժամիջոցների շրջանակում։ Այս խնդրին առնչվում է նաև գյուղատնտեսությունը։ Ի վերջո, կաթնամթերքի արտադրությունը կաթից է, իսկ կաթը մեր հիմնական գյուղատնտեսական զարգացման ուղղություններից մեկն է։ Այստեղ այդ շուկայի փակվելով՝ այդ հարվածն ստանում է ոչ միայն կաթ վերամշակողն ու արտահանողը, այլև կաթ արտադրողը՝ գյուղացիական տնտեսությունները»,- ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ կաթնամթերքը շոշափելի տեղ է զբաղեցնում մեր երկրի գյուղատնտեսության համախառն արտադրանքում։ Իսկ արտահանման հիմնական և էական ուղղությունը Ռուսաստանի Դաշությունն ու ԵԱՏՄ շուկան են։ «Թե այս պահին տոկոսային ինչ ցուցանիշ է կազմում արտահանումը՝ հստակ թիվ ասել չեմ կարող, բայց պետք է նկատել, որ ընդհանուր առմամբ դա որակական ցուցանիշ է, այսինքն՝ փոքր ցուցանիշ չէ։ Սա նախ բերելու է շահութաբերության նվազման։ Երբ արտահանումը նվազում է, ապա կաթնամթերքի գինը նույնպես նվազում է։ Իսկ իրականում, կաթ արտադրող գյուղացիական տնտեսությունները բողոքում էին մթերման ցածր գներից։ Նրանք օբյեկտիվորեն համեմատություն էին անում՝ հայտարարելով, որ կես լիտր ջուրն ավելի թանկ արժե, քան մեկ լիտր բնական կաթը։ Սա, իհարկե, բերելու է կաթնամթերքի մթերման գների նվազման և բերելու է նաև մուլտիպլիտատիվ այլ բացասական հետևանքներ, այսինքն՝ անասնագլխաքանակի՝ առանց այն էլ նվազ թիվն է նվազել, և առաջանալու են նաև դրանից բխող մի շարք այլ սոցիալական խնդիրներ։ Ի վերջո, եթե մարդիկ արտադրեն և վաճառեն ու ծախսը չփակի, ապա ակնհայտ է, որ ունենալու ենք այդպիսի խնդիրներ»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ ձախողակ քաղաքականության հետևանքով տուժում են մեր երկրի քաղաքացիները և գործարար միջավայրը։ «Այս խնդրի ամենապարզ լուծումն ընդհանուր հակառուսականություն ծնող և այդ ուղղությամբ շարժվող իշխանությունների ուղղակի հեռացումն է։ Իրականում սրանք դեռ ծիծեռնակներն են։ Ես այս կանխատեսումն անում եմ ոչ թե վատատեսական, այլ իրատեսական տեսանկյունից։ Այո, այս միտումը շատ վտանգավոր է, որովհետև գիտեք, որ մեր արտահանման մոտ 70 տոկոսն այսօր գնում է Ռուսաստան և ԵԱՏՄ շուկա։ Այսպես շարունակվելու դեպքում մենք ունենալու ենք ներկա իրավիճակի վատացման միտում։ Այսինքն, չի բացառվում, որ մեր հիմնական արտահանման ուղղության այլ ապրանքախմբեր, որոնք ունեն սոցիալական նշանակություն, ևս ներառվեն սահմանափակումների դաշտում կամ ավելի պարզ ասած՝ ենթարկվեն պատժամիջոցների»,- ասաց նա։