Միասին կարող ենք
կարևոր
724 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-19 17:51
Հասարակություն

Երբ քաղաքացիները լռում են, նույնիսկ ամենակատարյալ սահմանադրությունները վերածվում են դատարկ թղթերի. Իսահակ Պողոսյան

Երբ քաղաքացիները լռում են, նույնիսկ ամենակատարյալ սահմանադրությունները վերածվում են դատարկ թղթերի. Իսահակ Պողոսյան

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը գրում է.

Ժողովրդավարություն․ ազատության և պատասխանատվության մշտական փորձությունը

Մարդը ծնվում է ազատ, սակայն հասարակության մեջ հաճախ հայտնվում է այնպիսի կապանքների մեջ, որոնք հենց ինքն է կերտել։ Նա իշխանություն է ստեղծում՝ իրեն պաշտպանելու համար, բայց երբեմն հենց այդ իշխանությունն է դառնում նրա ազատության սպառնալիքը։ Ուստի հասարակության գլխավոր հարցը երբեք չի եղել, թե ով պետք է իշխի, այլ՝ թե ինչպես։

Ժողովրդավարությունը հենց սույն որոնման արդյունքն է։ Այն ժողովրդի հավատքի արտահայտությունն է իր իսկ ճակատագիրը տնօրինելու կարողության նկատմամբ։ Սակայն ժողովուրդը, ինչպես յուրաքանչյուր մարդ, ունի և՛ բանականություն, և՛ կրքեր։ Երբ կրքերը հաղթում են, ամբոխը կարող է ծափահարել նրան, ով ամենագեղեցիկն է խոսում, ոչ թե նրան, ով ամենաստույգն է մտածում։ Այդժամ ազատությունը վերածվում է խաբկանքի, իսկ ժողովրդի անունից խոսողը՝ մի նոր տիրակալի…

Ժողովրդավարության արժեքը ոչ թե այն է, որ ժողովուրդը միշտ ճիշտ է, այլ այն, որ ժողովուրդը կարող է ճանաչել և ուղղել իր սխալները։ Ոչ մի իշխանություն անսխալական չէ, սակայն ազատ հասարակությունն ունի բացառիկ առավելություն՝ խաղաղ ճանապարհով հրաժարվելու իր մոլորություններից և ընտրելու նոր ուղի։ Քանի որ եթե մարդիկ դադարեն մտածել ընդհանուր բարիքի մասին և առաջնորդվեն միայն անձնական շահերով, ապա հանրային կամքը կխեղդվի մասնավոր շահերի աղմուկի մեջ։ Այդժամ պետությունը կարող է պահպանել ժողովրդավարական անվանումը, սակայն կորցնել իր էությունը։

Ուստի ժողովրդավարությունը պարզապես իշխանության ձև չէ. այն քաղաքացիական առաքինության մշտական փորձություն է։ Այն պահանջում է կրթված միտք, ազատ խոսք և պատասխանատու սիրտ։ Այն պահանջում է, որ մարդը ոչ միայն օգտվի իր իրավունքներից, այլև գիտակցի, որ ազատությունը պահպանվում է պարտականության գիտակցմամբ։

Երբ ժողովուրդը զգոն է, օրենքը՝ արդար, իսկ խոսքը՝ ազատ, ժողովրդավարությունը դառնում է հասարակական պայմանագրի կենդանի մարմնավորումը։ Իսկ երբ քաղաքացիները լռում են, նույնիսկ ամենակատարյալ սահմանադրությունները վերածվում են դատարկ թղթերի։

Ժողովրդավարությունը կատարյալ չէ, քանզի մարդն ինքը կատարյալ չէ։ Սակայն այն հիշեցնում է մի մեծ ճշմարտություն. ազատությունը չի տրվում մեկ անգամ և ընդմիշտ։ Այն պետք է վերանվաճել ամեն օր՝ խղճով, բանականությամբ և հանրային պատասխանատվությամբ։