կարևոր
421 դիտում, 50 րոպե առաջ - 2026-09-25 18:18
Հասարակություն Տարածաշրջան

Շարունակում ենք թռիչքներ իրականացնել նաև դեպի ՀՀ. «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի տնօրեն

Շարունակում ենք թռիչքներ իրականացնել նաև դեպի ՀՀ. «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի տնօրեն

Իրանական ավիաընկերությունները շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի Չինաստան, Հայաստան, Ռուսաստան և Թուրքիա, հայտնել է Իրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ Ազարը։ Այս մասին գրում է Sputnik Armenian-ն։

Սեպտեմբերի 23-ից ուժի մեջ են մտել Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Վաշինգտոնը սպառնում է, որ «ցանկացած օդանավակայան կամ ընկերություն, որը կսպասարկի իրանական փոխադրողներին, ռիսկի է դիմում դուրս մղվել ամերիկյան դոլարային համակարգից»:

Այս ֆոնին մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Օմանը, ԱՄԷ-ն և Իրաքը, փակել են իրենց օդանավակայանները իրանական ավիափոխադրողների համար։

«Ներկայումս շարունակվում են դեպի Չինաստան, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա (բացառությամբ «Մահան» ավիաընկերության չվերթերի) թռիչքները, և դրանց չվացուցակում որևէ փոփոխություն չի կատարվել»,–ասել է «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի գործադիր տնօրենը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ այսօր նախատեսված է երկու չվերթ Թեհրանից դեպի Երևան։