կարևոր
442 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-25 20:33
Հասարակություն

51 փաթեթ կոկաին և թմրանյութի իրացում Telegram-ի միջոցով. Երևանում օտարերկրացի է կալանավորվել

Երևանում ոստիկաններն օտարերկրյա քաղաքացու խուզարկությամբ 51 փաթեթ կոկաին են հայտնաբերել և առգրավել, հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 20-ին։ Ժամը 16․50-ին Երևանի Վախթանգ Անանյան փողոցում նրանք ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Պարոնյան փողոցում բնակվող օտարերկրացի մի տղամարդու»,–հայտնում են ոստիկանությունից։

29-ամյա երիտասարդի խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է փոշենման զանգվածով 48 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն եղել է ավելի քան 55 գրամ։ Օտարերկրացին հայտնել է, որ փաթեթներում կոկաին է ու ևս երեք փաթեթ արդեն տեղադրել և լուսանկարներն ուղարկել է տելեգրամյան հասցեատիրոջը։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տեղադրված փաթեթները հայտնաբերվել են։

Օտարերկրացին կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։