կարևոր
826 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-25 09:32
Հասարակություն

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով իրավապահները մի քանի վարկած են քննում․ «Ժողովուրդ»

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով իրավապահները մի քանի վարկած են քննում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքով իրավապահները մի քանի վարկած են քննում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ կարող էին հանգեցնել զինծառայողի այդ քայլին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության շրջանակում ուսումնասիրվում են զինծառայողի անձնական կյանքի և հնարավոր խնդիրների վերաբերյալ տարբեր հանգամանքներ։ Մասնավորապես, վարույթի ընթացքում տեղեկություններ են ի հայտ եկել, որ նա նախկինում անցել է թմրանյութերի հետ կապված վարույթով, ինչպես նաև ունեցել է պարտքերի և առցանց խաղերի հետ կապված խնդիրներ։ Իրավապահները, սակայն, դեռևս չեն հաստատում, որ նշված հանգամանքներից որևէ մեկն ուղղակիորեն կապված է զինծառայողի մահվան հետ։
 
Դեպքից առաջ զինծառայողի վարքագիծը նույնպես ուսումնասիրվում է։ Մեր տեղեկություններով՝ հարցաքննվել են նրա ծառայակիցները, որոնք նշել են, որ դեպքից առաջ նա եղել է հանգիստ և իրենց համար որևէ արտառոց վարքագիծ չի դրսևորել։
 
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ Զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացվել է։
 
Դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Իրավապահները պետք է պարզեն նաև պայթյունի պատճառները, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք նախորդել են զինծառայողի մահվանը։
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։