|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցությունները և Իրանի ու ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Թեհրանի հետ Իսլամաբադի հուշագրում ամրագրված պայմանավորվածությունները խախտելու ԱՄՆ-ի որոշումից հետո Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման շուրջ։
Իրանցի նախարարը ռուսաստանցի գործընկերոջը տեղեկացրել է Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության գոտու վերաբերյալ Իրանի ու Օմանի միջև համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների իրավիճակի մասին», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Արաղչին տեղեկություններ է ներկայացրել միջնորդների կողմից շարունակվող ջանքերի մասին՝ ուղղված ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կարգավորման գործընթացը վերսկսելու համար պայմանների ստեղծմանը։
Նաև նախարարները կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործակցության հարցերի, «այդ թվում՝ քաղաքականության, տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մակարդակով գործողությունների համակարգման շուրջ»։Արաղչիի և Լավրովի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ի գիշերը։
Ավելի վաղ հանդիպման մասին հաղորդագրություն էր տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն, ըստ որի՝ կողմերը նշել էին, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով ստեղծված ճգնաժամը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։