կարևոր
337 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-25 19:10
Հասարակություն

Բուենոս Այրեսի «Մխիթարյան» վարժարանի սաները ՀՕՄ-ի Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում էին

Բուենոս Այրեսի «Մխիթարյան» վարժարանի սաները ՀՕՄ-ի Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում էին

Սեպտեմբերի 24-ին ՀՕՄ-ի Ախուրյանի «Մոր և մանկան» առողջության կենտրոնը հյուրընկալել էր Բուենոս Այրեսի «Մխիթարյան» վարժարանի թվով 30-ից ավել սաներին ու ուսուցիչներին՝ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության անդամներ՝ Դանիա Պապօղլեանի և Հռիփսիմե Նահապետյանի ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում են Հայ Օգնության Միությունից։

Աշակերտները այցելել են կենտրոն՝ ծանոթանալու ՀՕՄ-ի բացառիկ ծրագրերից մեկի՝ Առողջության կենտրոնի գործունեությանն ու իրականացվող կարևոր առաքելությանը։

Առողջության կենտրոնի ներկայացուցիչները մեծ սիրով և հանգամանալից ներկայացրել են իրենց կառույցի գործունեությունը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնագիտության ընտրության փուլում գտնվող վարժարանի աշակերտների շրջանում։

Կենտրոնում շրջելուց հետո աշակերտներին իրենց ջերմ խոսքն են փոխանցել ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության անդամները՝ ողջունելով վարժարանի այս նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին՝ օտարության մեջ բնակվող մեր երիտասարդ հայրենակիցների մեջ սերմանած բարության, օգնելու պատրաստակամության և հայրենիքի հանդեպ սեր և կապ ապահովելու ահռելի ջանքերի համար։

Սակայն այցն առավել հուզիչ ու տպավորիչ է դարձել աշակերտների գեղեցիկ անակնկալի շնորհիվ։

Մեր սփյուռքահայ պատանիները, ցուցաբերելով մեծ նվիրում ու հոգատարություն, իրենց սեփական խնայողություններով գեղեցիկ նվերներ էին պատրաստել կենտրոնի նորաթուխ մայրիկների համար։