Միասին կարող ենք
կարևոր
1168 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-30 20:11
Հասարակություն

Տավուշի սահմանազատումից հետո ո՞ր տարածքներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. քարտեզ. Sputnik Արմենիա

Տավուշի սահմանազատումից հետո ո՞ր տարածքներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. քարտեզ. Sputnik Արմենիա

Տվյալների վերլուծությունը թույլ է տալիս համեմատաբար ամբողջական պատկերացում կազմել Բաղանիս-Բերքաբեր գյուղերի շրջանում տարածքային փոփոխությունների մասին:

Ի՞նչ տեսք ունեն Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հետևանքները Տավուշի մարզում․ Sputnik Արմենիան ներկայացնում է մանրամասները քարտեզի վրա։

Ապրիլի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի մարզում 12–կիլոմետրանոց հատված են սահմանազատել, և առաջիկայում կշարունակվի և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքը։

Եվ չնայած Հայաստանի կառավարությունը պարբերաբար հայտարարում է գործընթացը շարունակելու ծրագրերի մասին, իշխանությունները մինչ օրս չեն ներկայացրել 2024 թվականից ի վեր սահմանագծման և սահմանազատման գործընթացում կատարված փոփոխությունների ամբողջական պատկերը։

Ավելին` Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տրամադրել Ադրբեջանի հետ համաձայնեցված սահմանային սյուների կոորդինատները։

Հիմնվելով արբանյակային թարմացված պատկերների և այլ տվյալների վրա` մենք ստեղծել ենք քարտեզ, որը կօգնի հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Տավուշում։

Կարմիր գծով նշված են նոր սահմանի այն հատվածները, որտեղ իրականացվել է սահմանագծում և սահմանազատում, և որտեղ այժմ տեղադրված է փշալարերով ցանկապատ։ Դեղին գիծը ցույց է տալիս սահմանը` ըստ Google-ի:

Մուգ շագանակագույն գիծը ցույց է տալիս ՀՀ զինված ուժերի կողմից նախկինում վերահսկված տարածքը, որը զիջվել է Ադրբեջանին: Բաց շագանակագույնը ցույց է տալիս «չեզոք գոտին» կամ ՀՀ ԶՈւ և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության դիրքերի միջև ընկած տարածքը, որը նույնպես սահմանազատումից հետո անցել է Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ:

Մուգ կանաչով նշված է Բերքաբերի հատվածում գտնվող գոտին, որը նախկինում վերահսկվում էր Ադրբեջանի կողմից, սակայն անցել է Հայաստանին։ Հենց այդտեղ է Բաքուն հետ քաշվել միակ դիրքից և մի փոքր նահանջել դեպի հյուսիս։ Բաց կանաչ գույնի վրա սպիտակ գծերով նշված է «չեզոք» գոտին (2 հատված), որը դելիմիտացիայից հետո անցել է ՀՀ լիակատար վերահսկողության տակ։

Արդյունքում, մոտավորապես 5.9 քառակուսի կիլոմետր տարածք անցել է Ադրբեջանի, 0.5 քառակուսի կիլոմետրից պակաս տարածք՝ ՀՀ վերահսկողության տակ:

Քարտեզի վրա նշված է նաև ՀՀ զինված ուժերի կողմից թողնված դիրքերից մեկը (ընդհանուր առմամբ կա մոտ մեկ տասնյակ նման դիրք): Ի տարբերություն մյուսների` այն գտնվում է սահմանազատման գոտուց դուրս, սակայն ՀՀ զինված ուժերը լքել են այն։ Մենք մանրամասն գրել ենք այդ դիրքի մասին, արբանյակային լուսանկարներով ցույց տվել ապացույցներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախկինում փաստացի հրաժարվել էր մեկնաբանել այս դիրքից հետքաշվելու փաստը` նշելով, որ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է նույնաբովանդակ հարցմանը»:

Ի՞նչ եղավ այս դիրքի հետ

Մենք նոր հարցում ենք ուղարկել, այս անգամ` փոխվարչապետ և ՀՀ սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ հետևյալ հարցերով. 

1) Դիրքի դուրսբերումը համաձայնեցվե՞լ է սահմանազատման ընթացքում: 

2) Եթե ոչ, ապա ինչո՞վ է դա պայմանավորված: 

3) Ադրբեջանը ներկայացրե՞լ է այդպիսի պահանջ: 

4) Արդյոք այլ սահմանային փոփոխություններ եղել են սահմանազատման ենթակա հատվածներից (պաշտոնապես հրապարակված քարտեզում նշված) դուրս: Եթե այո, ապա ինչ փոփոխություններ և որ հատվածներում։ 

5) Արդյոք Ներքին Ոսկեպարի մի հատվածը չի ցանկատապվել: Եթե այո, ապա ինչու:

Փոխվարչապետի գրասենյակը մեր հարցերը վերահասցեագրել է ՀՀ պաշտպանության նախարարություն։ ՊՆ-ից մեզ պատասխանել են. «Ներկայացրած հարցադրումների վերաբերյալ տրվել են պաշտոնական պարզաբանումներ և հավելյալ որևէ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։

ՀՀ ՊՆ-ն, պնդումներին հակառակ, մեր հարցերին պատշաճ պարզաբանումներ չի տվել, ինչի մասին արդեն գրել ենք։ Բոլոր հարցերը մնում են բաց։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել էր Երևան։ Մուստաֆաևը նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ 

Նույն օրը Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել։