կարևոր
3058 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-05 17:43
Հասարակություն

«Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ հայտնվելով ոչնչացման սպառնիքի առաջ. monumentwatch.org

«Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ հայտնվելով ոչնչացման սպառնիքի առաջ. monumentwatch.org

2023 թվականի մարտի 29-ին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից և արդեն ապրիլի սկզբին՝ նոր երթուղու արևմտյան հատվածը (Կոռնիձոր և Տեղ գյուղերով անցնող) ամբողջապես գործարկումից հետո, Սյունիքի մարզի Զաբուխ և Ջագազուր (Ձագաձոր) գյուղերի հետ միասին  Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել  Սյունիքի և Արցախի սահմանագլխին՝  «Մեծ և Փոքր Սյունիքներ» կամ «Մայր Հայրենիք» կոչվող հուշակոթողը: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

Հուշարձանը կառուցվել է 2004 թվականին Մեծ և Փոքր Սյունիքների (պատմականորեն Փոքր Սյունիք է կոչվել Արցախը) միասնության գաղափարով՝ Ճարտարապետ Սևադա Զաքարյանի կողմից։ Արցախի Հանրապետության  մուտքն ազդարարող հուշակոթողին կից 2007 թվականին կանգնեցվել է խաչքար։

Հուշարձանի ճարտարապետն իր մտահոգությունները ավելի վաղ կիսել էր «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության հետ և նշել, որ հուշարձանի լիարժեք ապամոնտաժումն ու Սյունիք տեղափոխումը անհնար է, քանզի  քարերը կդառնան անօգտագործելի, ինչը թույլ չի տա նախկին տեսքով վերականգնել հուշարձանը: Տեղափոխել կարելի է միայն կից գտնվող  խաչքարը։

Հայկական կողմը 2023 թվականի ապրիլի 3-ին տեղափոխեց խաչքարը, և սա կարելի է համարել եզակի բացառություն, երբ հուշարձանը հանվում է իր պատմական լանդշաֆտից, կտրվում իր ամբողջականությունից՝ հանուն փրկության։  Ադրբեջանական թելեգրամյան ալիքները, արդեն իսկ աղաղակում են հուշարձանի մոտալուտ ավերման և ոչնչացման հեռանկարի մասին։

«Մեր Արձագանքը

1954 թվականի Հաագայի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է․ «Մշակութային արժեքը անկախ ծագումից կամ սեփականատիրոջից,  յուրաքանչյուր ժողովրդի  համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Քանի որ «Մայր Հայրենիք» հուշարձանն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն պաշտպանված է Հաագայի 1954 թվականի Առաջին Արձանագրությամբ, որը նախատեսված է գրավյալ (օկուպացված, յուրացված) տարածքներում  մշակութային կամ հոգևոր արժեքների պաշտպանության համար։ Արձանագրության 1-ին կետը նշում է, որ «Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կանխել զինված հակամարտության ժամանակ իր կողմից գրավված տարածքից մշակութային արժեքների  վնասը, արտահանումը, կամ փոխանցումը երրորդ երկիր»։ Նկատենք, որ Ադրբեջանը, 1993 թվականի սեպտեմբերի 20-ից ընդունել է այս արձանագրությունը և պարտավորվել հետևել դրույթներին:

Սակայն, ինչպես ցույց են տալիս այս և դրան նախորդած բազմաթիվ դեպքերը,  Ադրբեջանը միանշանակորեն իրականացնում է մշակութային ցեղասպանություն՝ ոտնահարելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարատավորությունները»,- գրում է monumentwatch.org կայքը։