|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.19 |
| EUR | ⚊ | € 434.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9466 |
| GBP | ⚊ | £ 501.44 |
| GEL | ⚊ | ₾ 138.07 |
Ապրիլի 29-ին, Աղվերանում, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի տասներեքերորդ նիստը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով հանձնաժողովի քարտուղարությանը։
Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 13-րդ նիստը կրկին անցկացվել է կողմերից մեկի տարածքում՝ Աղվերանում։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքներին վերաբերող կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ։
Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ նախագծերի հրահանգների տեքստերը.
«Հրահանգներ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի վերաբերյալ».
«Հրահանգներ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի վերաբերյալ».
«Հրահանգներ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի պատրաստման և տրամադրման կարգի վերաբերյալ»։
Կողմերը համաձայնել են ներկայացնել այս հրահանգները իրենց կառավարությունների հաստատմանը։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Նշվել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումը հաջողությամբ շարունակվում է։
Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանը նավթամթերք է մատակարարում Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման մասին։
Երկու կողմերի գործարար համայնքների ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումները, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումները։
Հատկապես ընդգծվել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր դարձան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքի շնորհիվ։
Հանձնաժողովների նիստից հետո ստորագրվել է համապատասխան արձանագրություն։
Կողմերը համաձայնել են աշխատանքային կարգով նշանակել հանձնաժողովների հաջորդ նիստի ամսաթիվը Ադրբեջանում։
Նշենք, որ հանդիպման մասին տեղեկությունը ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանական ԶԼՄ-ներից հետո հաստատեց։