Միասին կարող ենք
կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 11:54
Աշխարհ

ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 90 միլիարդ դոլար վարկ՝ չնայած Հունգարիայի կողմից արգելափակմանը. դեր Լայեն

ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 90 միլիարդ դոլար վարկ՝ չնայած Հունգարիայի կողմից արգելափակմանը. դեր Լայեն

2026-2027 թվականների համար Կիևին 90 միլիարդ եվրո պատերազմական վարկի տրամադրումն արգելափակված է մնում Հունգարիայի դիրքորոշման պատճառով, սակայն ԵՄ-ն խոստանում է «այսպես թե այնպես» հատկացնել այդ գումարը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։Նա  հիշեցրել է, որ Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշումը կայացվել է 2025 թ. դեկտեմբերին, և առաջ է քաշվել մեկ պայման, որ երեք երկիր (Հունգարիան, Սլովակիան, Չեխիան) չի մասնակցի վարկի տրամադրմանը։

«Այդ պայմանը բավարարվել է։ Այնպես որ, թույլ տվեք պարզաբանել՝ այդ գումարը մնում է արգելափակված, քանի որ ղեկավարներից մեկը չի պահում իր խոստումը։ Բայց թույլ տվեք կրկնել այն, ինչ արդեն ասել եմ Կիևում՝ մենք դա այսպես թե այնպես կհատկացնենք», – ասել է Եվրահանձնաժողովի նախագահը, որի ելույթի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը։Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին այս թեմայի շուրջ ասել է, որ երբ պետությունների ղեկավարներն ինչ-որ համաձայնության են գալիս, ապա դա պետք է հարգել։«Ինձ համար Պլան Բ գոյություն չունի, որովհետև Պլան Ա-ն պետք է հարգվի։

Դրանից կախված է Խորհրդի հուսալիությունը», – ասել է Մակրոնը։Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր հերթին հայտարարել է, որ Հունգարիայի քայլը զայրացրել է ԵՄ ղեկավարներին։ Նա ասել է, որ այս ամենը «խորը հետք կթողնի»։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իրավաբանական տեսանկյունից լիովին իրավունք ունի արգելափակելու Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։

Հունգարիան բազմիցս հայտարարել է, որ չի հաստատի 90 միլիարդ վարկի տրամադրումը Կիևին, ինչպես նաև կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը, քանի դեռ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները չեն վերսկսվել։ Ուկրաինան հայտնել է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների հետևանքով։