Միասին կարող ենք
կարևոր
436 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-27 17:05
Հասարակություն

Յանդեքսի քարտեզն իրականությանը չի համապատասխանում, որի արդյունքում վարորդները տուգանվում են․ ակցիա՝ գրասենյակի մոտ

Տաքսու վարորդներն այս անգամ իրենց բողոքի ակցիան իրականացնում են Յանդեքսի երևանյան գրասենյակի դիմաց։ Վարորդներն իրենց բարձրացրած խնդիրները և պահանջները ներկայացրեցին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին, ով այն կքննարկի ընկերության ներկայացուցիչների հետ։

Մեսրոպ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց այն հիմնական խնդիր-պահանջները, որոնք կներկայացվեն գրասենյակի պատասխանատուներին․ «Յանդեքսի քարտեզն ու իրականությունն իրար չեն համապատասխանում, որի արդյունքում վարորդները տուգանվում են։ Վարորդները չեն կարողանում հասկանալ՝ ինչի համար է արհեստականորեն նվազում իրենց վարկանիշը, բացակայում է կոմունիկացիան, վարորդները չեն կարողանում կապ հաստատել ծառայության դիմաց վճարում չկատարած հաճախորդի հետ։ Բացի նմանատիպ խնդիրներից, մարդիկ ենթարկվում են տոտալ հարձակման․ սահմանադրությամբ ամրագրված է, որ ցանկացած աշխատող ունի գործադուլի, իր խախտված իրավունքները վերականգնելու իրավունք, հիմա այս մարդիկ այդ պահանջը դրել են, որից հետո բողոքի ակտիվ մասնակից վարորդին փակել են, չեն թողնում մեքենան քշի»,-ասաց նա։