կարևոր
601 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-23 17:38
Աշխարհ

Մոսկվայի 4 օդանավակայան փակվել է․ «Շերեմետևո»-ում մարդկանց տարհանում են

Մոսկվայի 4 օդանավակայան փակվել է․ «Շերեմետևո»-ում մարդկանց տարհանում են

Օդային տագնապի պատճառով Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից տարհանվում են բոլոր ուղևորները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել օդանավակայանի Telegram ալիքում Երևանի ժամանակով 16։22-ին։

«Կատարվում է ուղևորների տարհանում։ Տվյալ պահին բոլոր տերմինալների «ստերիլ գոտիներ» (խմբ.՝ անվտանգության գոտիներ) մուտքը սահմանափակված է։ Ուղևորներին տեղեկացնելու համար հայտարարություններ են հնչում», – հայտնել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից՝ նշելով, որ օդանավակայանի աշխատակիցներն օգնում են ուղևորներին տեղափոխվել անվտանգ ապաստարաններ։

«Շերեմետևո»-ից հայտնում են, որ այս միջոցառումները ձեռնարկվել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման սպառնալիքի պատճառով։ Օդանավակայանի ղեկավարությունը խնդրել է ուղևորներին հեռու մնալ պատուհաններից, տեղափոխվել տերմինալների ներսում գտնվող փակ տարածքներ և մնալ այնտեղ։

«Թռիչքների ժամանակացույցում հնարավոր են փոփոխություններ», – զգուշացրել են օդանավակայանից։

«Ռոսավիացիա»-ն հայտարարել է, որ Մոսկվայի մարզի բոլոր չորս օդանավակայանները՝ «Շերեմետևո»-ն, «Վնուկովո»-ն, «Դոմոդեդովո»-ն և «Ժուկովսկի»-ն, «փակ են ինչպես ժամանող, այնպես էլ մեկնող ինքնաթիռների համար»։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ վերջին երկու ժամվա ընթացքում խոցվել է դեպի Ռուսաստանի մայրաքաղաք արձակված 17 ԱԹՍ։ Առավոտյան, նա հայտնել էր, որ գիշերվա ընթացքում Մոսկվային մոտեցող 5 ԱԹՍ է խոցվել։