կարևոր
1039 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-23 15:49
Քաղաքական

Դիմե՞ն Փաշինյանին «հանրապետականացման» դեպքով․ դատախազին հեռացրել են գործից՝ հայրն ընդդիմադիր է

Դիմե՞ն Փաշինյանին «հանրապետականացման» դեպքով․ դատախազին հեռացրել են գործից՝ հայրն ընդդիմադիր է

Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ․ օրենքով է ամրագրված։ Եվ առաջանում է հաջորդ հարցը․ ինչո՞ւ է Աննա Վարդապետյանը համակարգից հեռացնում դատախազի, ում հայրը ՔՊ-ական չէ։ Ո՞ր պահանջով է առաջնորդվել դատախազը, պիտի բոլորը ՔՊ-ակա՞ն լինեն։ Այդ պարագայում պետք չէ, որ Աննա Վարդապետյանը  Ֆրա Անջելիկոյի կտավների կերպարով ներկայանա ԱԺ և ամբիոնից խոսի, թե քաղաքական պատկանելությունն իրենց հետաքրքիր չէ։

Հիմա՝ առավել մանրամասն։

Hayastan.news-ի տեղեկություններով՝ օրերս Դատախազության համակարգից հեռացվել է դատախազ Վանուհի Փայտյանը, ով հանրությանը հայտնի է որպես ուսուցչի գործով դատախազ։ Նա այն նույն դատախազն է, որը ուսուցչին մեղադրում էր Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության հրապարակային կոչեր անելու մեջ։

Դատախազին հեռացրել են հետևյալ պատճառաբանությամբ՝ «դիմում գրի՛, հայրդ ընդդիմադիր է»։

Դատախազը դիմում է ներկայացրել, որը հաստատվել է կայծակնային արագությամբ՝ ճիշտ նույն րոպեին։

Ըստ Hayastan.news-ի տեղեկությունների՝ նրա հայրը՝ Արայիկ Փայտյանը, ՀՅԴ անդամ է։ Նախկինում նաև առաջադրվել և մասնակցել է ընտրությունների՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության կամ քաղաքական դաշինքների կազմում, այդ թվում՝ Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքում։

Աննա Վարդապետյանի գործելաոճն այս առումով բացարձակ զարմանալի չէ, հակառակը կլիներ զարմանալի։  Բայց այս մեկն ուշադրության արժանի է, քանի որ տեղի է ունեցել հենց Փաշինյանի այն հայտարարության ֆոնին, թե եթե կան մարդիկ, որոնք ՔՊ-ում և հեղափոխական թիմում լինելով՝ գործելու են հանրապետականների մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացել։

Հիմա հարց․ Փաշինյա՞նն է ականջահաճո հայտարարություններ տարածում, թե՞ Աննա Վարդապետյանն է արջի ծառայություն մատուցում։ Եվ ևս մեկ խնդիր․ երբ Փաշինյանն ասում է՝ դիմեք իրավապահներին, ո՞ւմ դիմեն՝ Աննա Վարդապետյանի՞ն։ Հիմա ի՞նչ, Վանուհի Փայտյանն ո՞ւմ դիմի, եթե, իհարկե, դիմելու ցանկություն ունի։Եվ, եթե ՀՅԴ-ականի դուստրը ազատվում է  աշխատանքից հոր քաղաքական հայացքների համար, ստացվում է՝ ովքեր մնացել են դատախազությունում ՔՊ-ակաների զավակնե՞ր են։   

Չբացառենք, ենթադրենք՝ Փաշինյանը տեղյակ չէ, որ Փայտյանին ազատել են աշխատանքից հոր պատճառով, և Վարդապետյանի կամ նրան օգնողների կողմից հերթական արջի ծառայությունն է մատուցվել։ Իսկ ի՞նչ կլինի, երբ Փաշինյանը տեղեկանա,  հատկապես որ իրեն տեղեկացնելու ամենակարճ ճանապարհն ինքն է առաջարկել։ Այս ազատումը կարող է դառնալ իր հայտարարության լակմոսի թուղթը՝ իրակա՞ն է, անկե՞ղծ է, թե՞ ոչ Նիկոլ Փաշինյանը, թե՞ իրեն ևս ձեռնտու է «հանրապետականացումը»։

Եվ ևս մեկ նկատառում․ Վանուհի Փայտյանին Աննա Վարդապետյանն առաջխաղացում է ապահովել՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազից տեղափոխել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին։ Գո՞հ է եղել, չէ՞։ Իսկ երբ իմացել են, թե ում դուստրն է, կամ որ հայրը Փաշինյանի համակիր չէ, ուրեմն դուստրը պիտի չաշխատի դատախազությունում։ Միայն յուրայիններ, ինչ կարևոր է, թե օրենքն ինչ է ասում։

Ձևը հաղթում է բովանդակությանը, և դա է դառնում իշխանությունների կործանման պատճառը՝ բոլոր իշխանությունների։ Իսկ ութ տարվա ընթացքում բավականին շատ լավա հավաքվել է, այդ թվում՝ Վարդապետյանի ծառայությունների գնով։