կարևոր
760 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-23 16:34
Հասարակություն

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Որոշ մարդիկ Սուրբ Գրքի տողերը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու և դիտավորյալ մոլորեցնում են ժողովրդին։ Սա աղանդավորականություն է, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։

«Այո՛, իշխանությունը որպես ինստիտուտ Աստծուց է։ Ինչպես Աստծուց են նաև թագավորությունն ու պետությունը։ Բայց մի՞թե ամեն իշխանություն ըստ Տիրոջ կամքի է ընթանում կամ մի՞թե ամեն իշխանավոր Աստծուց է։

Արդյո՞ք Աստծուց էին Ներոնն ու Հուլիոս ուրացողը, Թալիաթն ու Լենինը և այլ Աստածամարտ ու մարդասպան իշխանավորներ։

Հետևաբար, Աստվածաշնչյան ճշմարտությունների սխալ մեկնաբանությունը օրվա իշխանություններին դարձնում է անսխալական, անողոք ու դաժան»,- նշել է Տեր Մաղաքիան։

Տեր Հոր խոսքով՝ իշխանությունները Աստծուց են՝ նշանակում է, որ ամեն իշխանություն հաշվետու է Աստծո առաջ և պետք է գործի ըստ Աստծո կամքի։

«Իշխանությունները Աստծուց են կարգված ՝ ժողովրդին միավորելու և դեպի Աստված առաջնորդելու համար։

Բայց, եթե եկել են բաժանելու և մարդկանց իրար հետ թշնամացնելու ու Աստծո եկեղեցին պառակտելու՝ ապա չարի կամակատարներն են։

Զավեշտալին այն է, որ Աստվածաշնչից մեջբերում անողները իրենք չեն ընդունում եկեղեցու իշխանությանը, չեն ընդունում Աստծուց կարգված և Սուրբ Հոգուց օծված Հայոց Հայրապետին և հոգևոր դասին։

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ, նրանք պայքարում են Աստծո եկեղեցու դեմ։

Տերը պահապան մեր ազգին, Հայրենիքին և Հայ Եկեղեցուն»,- հավելել է Տեր Մաղաքիան։