կարևոր
1327 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-25 16:43
Հասարակություն

Հավատարմությո՞ւն, թե՞ ուխտադրժություն․ սա եկեղեցին թուլացնելու և ներսից պառակտելու փորձ է. Տեր Մաղաքիա

Հավատարմությո՞ւն, թե՞ ուխտադրժություն․ սա եկեղեցին թուլացնելու և ներսից պառակտելու փորձ է. Տեր Մաղաքիա

Տեր Մաղաքիա Օհանյանը գրում է. «Հավատարմությո՞ւն, թե՞ ուխտադրժություն։

Պատարագի ընթացքում Հայոց Հայրապետի անունը չհիշատակելը հակականոնական է և ապստամբություն՝ նվիրապետական կարգի դեմ։ Սա եկեղեցին թուլացնելու և ներսից պառակտելու փորձ է։

Վերջերս, որոշ հոգևորականներ եկեղեցում առկա խնդիրները բարձրաձայնելու և եկեղեցին բարեփոխելու կեղծ քողի ներքո՝ դեմ են դուրս եկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Երևի մոռացել են, որ իրենց կայացման գործում ինչպիսի մեծ ավանդն ունի Հայոց Հայրապետը։

Վեհափառի հայրական հոգատարությունը մշտապես վայելած այսօրվա ապստամբ հոգևորականները՝ անշնորհակալ գտնվեցին։

Չի՛ կարելի ուտող - ուրացող լինել։

Նրանք իրենց «որդիական սերն ու խոնարհությունն» արտահայտեցին ամբարտավանությամբ և ուխտադրժությամբ։

Պատկերացնո՞ւմ եք, վերոհիշյալ հոգևորականները միչև վերջերս տեղյակ չէին մեր եկեղեցում առկա խնդիրների մասին։ Նրանք, փաստորեն, «կուրորեն»Սուրբ Պատարագին Վեհափառի անունն էին հիշատակում, Հայրապետական մաղթանք էին կատարում, տարբեր առիթներով Վեհի աջն էին համբուրում և կենացը խմում։ Եվ հանկարծ, օ՜ հրաշք. վարչապետը բացեց նրանց աչքերն ու հասկացան, որ Կաթողիկոսն, ըստ իրենց, «օրինազանց է»։

Ցավալի է, որ նրանք մեր միջից դուրս ելան։

Վա՜յ  ձեզ, կեղծավորներիդ։

Վա՜յ նրանց, ովքեր ամբարտավանությունը ներկայացնում են որպես համարձակություն, իսկ վախկոտությունը՝ քաջություն։

Սթափվե՛ք, քանի դեռ շատ ուշ չէ։

Աղոթում ենք, որ մեր մոլորված եղբայրները հետ կանգեն իրենց սխալ ընթացքից։

Աստված պահապան բոլորիս»։