կարևոր
775 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-23 12:46
Հասարակություն

Պետք է հավատալ, որ ինչպես միշտ է եղել, այնպես էլ հիմա եկեղեցին կհաղթահարի և կհաղթանակի. Մաղաքիա քահանա Գևորգյան

Պետք է հավատալ, որ ինչպես միշտ է եղել, այնպես էլ հիմա եկեղեցին կհաղթահարի և կհաղթանակի. Մաղաքիա քահանա Գևորգյան

Ամիսներ շարունակ թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Արագածոտնի թեմում յուրաքանչյուր հինգշաբթի կատարվում է միասնական աղոթք և ժամերգություն։

Նախօրեին հոգևոր դասը և հավատացյալները, թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, աղոթքի էին մեկտեղվել Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հոգևորականներն ու տարբեր համայնքներից ուխտավորաբար Արագած եկած բազում հավատացյալներ մեծ հույսով ու հավատքով միասնական աղոթք են բարձրացրել առ Բարձրյալն Աստված, այս օրերին անազատության մեջ հանիրավի գտնվող թեմի Բարեխնամ ու սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Արշակ Սրբազանի, Գարեգին քահանայի, անազատության և գերության մեջ գտնվող ու անհետ կորած մեր զավակների, Հայոց Հայրապետի կենաց արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար:

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղել է Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը: Տեր Հայրը խոսելով քրիստոնյային վայել կյանքով ապրելու և Աստվածսիրության մասին՝ նշել է. «Աստված մեզ այնքան շատ է սիրում, որ ցանկանում է, որպեսզի հիմա էլ ապաշխարենք։

Մենք հիմա աղոթում ենք, տխուր ենք, բայց ոչ անհույս, քանի որ քրիստոնյան իրավունք չունի ապրելու հուսահատության մեջ։ Մեր հույսն ամուր է:

Պետք է հավատալ, որ ինչպես միշտ է եղել, այնպես էլ հիմա եկեղեցին կհաղթահարի և կհաղթանակի»:

Միասնական ժամերգությունն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:

Թեմից հայտնում են, որ հունվարի 29-ին, ժամը 19:00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Սաղմոսավանք վանական համալիրում: