|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետագա գործունեության վերաբերյալ հարցը ԵՄ-ն Հայաստանի կառավարության հետ կքննարկի աշնանը՝ Բրյուսելում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Եվրոպական միության առաքելության 3-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
«Ինչի շուրջ համաձայնել ենք եկել, այն է, որ շարունակելու ենք մեր ներկա աշխատանքը։ Մենք կշարունակենք նաև սահմանին հարակից տարածքներում պարեկություն իրականացնել և զեկուցել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի և վավերացվի։ Աշնանը Եվրամիությունը Բրյուսելում կքննարկի առաքելության ապագային վերաբերող հարցերը»,-ընդգծել է Ռիտերը։
Ռիտերը նաև խոսել է ԵՄ դիտորդական առաքելության՝ շուրջ երեք տարվա կատարած աշխատանքի, գործունեության ուղղությունների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում առաքելության ունեցած դերակատարության մասին։
«Երբ մենք ժամանեցինք Հայաստան, սահմանին մեծ լարվածություն կար, տեղի էին ունենում կրակոցներ, նույնիսկ կային զոհված և վիրավոր զինծառայողներ։ Դա բավականին դժվար ժամանակաշրջան էր։ Այդ օրերին մենք նաև հասկացանք, որ սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակչությունը վախենում էր, որ ինչ-որ նոր բախում կարող է տեղի ունենալ։ Բնակիչները մտահոգված էին նոր և բաց հակամարտության հնարավորությամբ, սակայն դա տեղի չունեցավ։ Այս տեսանկյունից կարող եմ ասել, որ առաքելությունն իրագործվել է՝ ունենալով հաջողություն։ Իրավիճակը հանգիստ և խաղաղ է»,-ընդգծել է Մարկուս Ռիտերը՝ շեշտելով, որ այդ հանդարտ իրավիճակը Հայաստանի ու Ադրբեջանին հնարավորություն է տալիս խոսելու և դեռևս առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար։
Հիշեցնենք, որ Մարկուս Ռիտերն արդեն ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում։