|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
2025 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը կրկնապատկվել են: Եթե մեկ տարի առաջ անազատության մեջ մահացել էր 12 մարդ, ապա 2025-ին՝ 24։ Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանություն: 2024թ. արձանագրված 12 մահերը եղել են կենսաբանական, ինքնասպանության դեպք չի արձանագրվել: Այս մասին գրում է «Հետքը»։
Մահվան ամենաշատ դեպքերն արձանագրվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ 9 (2024թ.՝ 5): Մահվան մեկ դեպք արձանագրվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, «Աբովյան», «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Վանաձոր» ՔԿՀ-ներում մահվան դեպքեր չեն գրացվել:
Ինքնասպանության փորձերը ևս ավելացել են: Եթե 2024թ. ինքնասպանության փորձ էր կատարել 14 մարդ (19 դեպք), ապա 2025 թ.-ին ծայրահեղ քայլի դիմել է 26 մարդ (46 դեպք): Այստեղ էլ պատկերը մտահոգիչ է, քանի որ անձանց և դեպքերի աճը ցույց է տալիս, որ մեկից ավելի ինքնասպանության փորձ կատարողներ են եղել:
2025թ. անազատության մեջ պահվող 183 մարդ ինքնավնասում է կատարել (2024թ.-ին՝ 205), իսկ ինքնավնասման դեպքերի թիվը 617 է (2024թ.-ին՝ 626): Սա նշանակում է, որ երբեմն նույն անձը մեկից ավելի ինքնավնասում է արել:
Նախորդ տարի տարբեր բողոքներով հացադուլ է հայտարարել 202 դատապարտյալ և կալանավորված անձ (2024թ.-ին՝ 298):
Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Շուշան Խնկոյանի գնահատմամբ, 2025թ.-ի վիճակը շատ մտահոգիչ է: Փորձագետը հիշում է, որ նման բարձր ցուցանիշներ եղել են մոտ 10 տարի առաջ: Դրանից հետո նվազման միտում է նկատվել, սակայն վերջին տարիներին դարձյալ աճում է:
Շուշան Խնկոյանը նշում է, որ դիտորդական խումբը 2025թ.-ին ստացել է ահազանգեր, կատարել է այցելություններ, ուղարկել գրություններ: Ահազանգերի մեծ մասը վերաբերել է բուժօգնությանը:
«Մարդկանց բուժօգնությունը տրամադրվում է թերի, պատշաճ չի իրականացվում սպասարկումը: Լուրջ խնդիր է նաև պատժի հետ անհամատեղելի հիվանդություն ունեցողների պատիժ կրելը, նրանք շարունակում են գտնվել քրեակատարողական հիմնարկում»,-ասում է փորձագետը:
Ըստ Շ. Խնկոյանի՝ կան դեպքեր, երբ անազատության մեջ պահվող անձի առողջական վիճակը փաստացի ծանր է, սակայն հիվանդությունը ներառված չէ պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում: Մեկ այլ դեպքում՝ բյուրոկրատական քաշքշուկներն այնքան շատ են, որ անձը չի հասցնում դուրս գալ և մահանում է քրեակատարողական հիմնարկում:
Շուշան Խնկոյանն ասում է, որ ինքնասպանության դիմած անձանց մեծ մասը հոգեկան առողջության խնդիր ունեցողներն են: Դիտորդական մարմնի անդամը կարծում է, որ անհրաժեշտ է խորքային վերլուծություն կատարել ամբողջ պատկերը հասկանալու համար:
«Ինչու՞ եմ շեշտում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին, որովհետև վերջիններս քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բուժօգնություն չեն ստանում: Նրանց տրամադրվում են հիմնականում հանգստացնող դեղամիջոցներ, որոնք մեծամասամբ չեն կարող համարվել բուժում»,-ասում է Շ. Խնկոյանը:
2025թ. դեկտեմբերի 31-ից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը դադարեցվել է: Շուշան Խնկոյանը նշեց, որ այս ՔԿՀ-ի փակումով հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները բուժում կստանան մասնագիտացված հիվանդանոցներում: Թեև այս քայլը ողջունում են, սակայն մտահոգություններ ունեն: Փորձագետի ասելով՝ 6 կամ 7 դատապարտյալ, կալանավորված անձ է գտնվում հոգեկան առողջության կենտրոնում, մյուսները դեռ պահվում են քրեակատարողական հիմնարկներում: