|
Փոխարժեքներ
09 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.97 |
| EUR | ⚊ | € 448.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.8745 |
| GBP | ⚊ | £ 514.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.6 |
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանը բաց նամակով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսին, ով փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։
«Մեծարգո Ջ․ Դ․ Վենսին
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին
Ձերդ Գերազանցություն,
Գրում եմ Ձեզ՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ՝ անդրադառնալու հումանիտար ծանր անարդարության և հրատապ քաղաքական պատասխանատվության խնդրին:
2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր հայրենի օրրանից: Սա ոչ թե հումանիտար տարհանում էր կամ կամավոր հեռացում, այլ երկարատև շրջափակման, հարկադրանքի և համակարգված ահաբեկման կանխատեսելի ու նպատակաուղղված հետևանք, որն իրականացվեց միջազգային հավաստի պաշտպանության բացարձակ բացակայության պայմաններում: Օրերի ընթացքում տարածաշրջանում հազարամյա արմատներ ունեցող բնիկ ժողովուրդը վերացվեց իր հայրենիքից:
Այսօր ավելի քան հարյուր հիսուն հազար հայեր ապրում են տեղահանության մեջ՝ զրկված իրենց տներից, մշակութային ու կրոնական ժառանգությունից և սեփական հողում ապահով ապրելու հիմնարար իրավունքից: Չնայած էթնիկ զտումների խորը վերքերին՝ նրանց պահանջը մնում է հստակ և միաձայն՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության, արժանապատվության և ինքնորոշման պայմաններում Լեռնային Ղարաբաղ անվտանգ և մշտական վերադարձի իրավունքը:
Ներկա իրավիճակը որպես խաղաղության հիմք ներկայացնելու ցանկացած փորձ պատրանք է: Ուժի կիրառման, ժողովրդագրական վերաձևումների և մի ամբողջ ժողովրդի տարհանման միջոցով պարտադրված խաղաղությունը չի կարող լինել կայուն կամ արդար: Հարավային Կովկասում տևական խաղաղությունը պահանջում է պատասխանատվություն միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների համար, տեղահանված բնակչության իրավունքների վերականգնում և նրանց կամավոր ու անվտանգ վերադարձը հնարավոր դարձնող հստակ մեխանիզմներ:
Նույնքան տագնապալի են Բաքվում տեղի ունեցող վերջին զարգացումները: Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական և ռազմական առաջնորդները դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ այնպիսի գործընթացների արդյունքում, որոնք հեռու են նույնիսկ պատշաճ դատական ընթացակարգի ամենատարրական չափանիշներից: Այս քաղաքականապես մոտիվացված դատավարությունները ոչ թե արդարադատություն են, այլ վրեժխնդրություն: Քանի դեռ հայ պատանդներն ապօրինաբար պահվում են անազատության մեջ, հաշտության կամ խաղաղության մասին ցանկացած հռետորաբանություն դատարկ է: Նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումն անկյունաքարային է:
Խորին և շարունակական մտահոգության առարկա է հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց անորոշ ճակատագիրը։ Սա բացառապես հումանիտար խնդիր է, որն ուղղակիորեն առնչվում է սեփական հարազատների մասին տեղեկություն ստանալու ընտանիքների հիմնարար իրավունքին։ Այս համատեքստում անկյունաքարային ենք համարում Ձեր և միջազգային կառույցների գործուն ներգրավվածությունը՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզման թափանցիկ ու արդյունավետ մեխանիզմներ ներդնելու և գործարկելու հարցում։
Միացյալ Նահանգները պատմականորեն հանդես է եկել որպես մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և այն սկզբունքի պաշտպան, որ սահմանները և խաղաղությունը չեն կարող վերագծվել ուժի միջոցով: Ուստի մենք կոչ ենք անում Ձեզ՝ անցնել մտահոգության արտահայտություններից և ակտիվորեն աջակցել միջազգային այնպիսի միջոցառումների, որոնք կապահովեն պատասխանատվությունը, կպաշտպանեն տեղահանված բնակչությանը և հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը:
Այս անարդարությունը չլուծելը վտանգավոր նախադեպ ստեղծելու ռիսկ է պարունակում, այն է՝ էթնիկ զտումները կարող են պարգևատրվել քաղաքական կարգավորմամբ: Ընդհակառակը, դրան անդրադառնալը հզոր ազդակ կլինի առ այն, որ խաղաղությունը, տևական լինելու համար, պետք է հիմնված լինի արդարության, իրավունքի և մարդկային արժանապատվության վրա»,- նշված է Ա. Դանիելյանի նամակում: